«Եթե ուզում ենք միմյանց գրկին նստած չերթևեկենք, ապա դա ենթադրում է որոշակի թանկացումներ».ՀՀԿ-ական պատգամավոր
«Կա խնդրի վերաբերյալ երկու տարբեր մոտեցում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ, ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանը` խոսելով Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման մասին:
Ըստ նրա` այդ երկու տեսակետներից մեկը պատկանում է Երևանի քաղաքապետարանին և տրանսպորտային ծառայությունը մատուցող «Երևանտրանս» ընկերությանը, որոնք գտնում են, թե վերջին տասը տարիների ընթացքում փոփոխության են ենթարկվել բոլոր ապրանքների գները` բացառությամբ տրանսպորտի։ Այդ պատճառով են քաղաքային իշխանությունները, ըստ Սամվել Նիկոյանի, առաջարկում տրանսպորտի սակագնի փոփոխություն: Իսկ մյուս տեսակետը, նրա խոսքերով, պատկանում է հասարակության մի մասին` քաղաքացիական ակտիվիստներին և կուսակցություններին, ովքեր կարծում են, թե եղած սակագնով կարելի է մատուցել տրանսպորտային ծառայությունները:
«Եթե ուզում են որևիցէ պետության մեջ խնդիրները լուծվեն, ամենաճիշտ ճանապարհն այդ երկու տեսակետները շատ քաղաքակիրթ, հանգիստ մթնոլորտում միասին նույն սենյակում նստելը և այդ խնդիրներն առաջ քաշելն է»,-ասաց Սամվել Նիկոյանը: Վերջինս գտնում է, որ հարկավոր է լսել քաղաքացիական ակտիվիստներին, անհրաժեշտ է ևս մեկ անգամ ուսումնասիրել գնագոյացման ողջ գործընթացը և եզրակացության գալ որևէ քննարկման արդյունքում: «Ես այդ կարծիքին եմ, չկան չլուծելի խնդիրներ»,- ասաց Սամվել Նիկոյանը:
Իսկ ինչո՞ւ Երևանի քաղաքապետարանը չկազմակերպեց այդ «քննարկումը» մինչև հուլիսի 20-ը` տրանսպորտի սակագնի մեջ փոփոխություն կատարելու որոշման մասին հայտարարելը, իսկ որոշումը հրապարակեց միայն հուլիսի 24-ին` Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի կողմից Երևանի քաղաքապետին ուղարկված երեք հարցադրումներից հետո:
Մեր այս հարցին պարոն Նիկոյանը պատասխանեց բավական հետաքրքիր հարցով` «ո՞ւմ հետ անել քննարկումը»: Հիշեցնենք, որ արդեն 6-րդ օրն անընդմեջ գործում են «Չեմ վճարելու 150 դրամ» և մի շարք այլ քաղաքացիական նախաձեռնություններ, որոնք խնդրի շուրջ հանդես է եկել բազմաթիվ առաջարկներով` այդ թվում տրանսպորտի սակագնի վերաբերյալ: Ավելին, գազի գնի թանկացումից անմիջապես հետո, երբ արդեն պարզ էր, որ հասարակական տրանսպորտը թանկանալու է, Երևանի քաղաքապետարանը հավաստիացնում էր, որ առայժմ նման հարց չի քննարկվում և կոչ էր անում «խուճապատային տեղեկություններ» չտարածել։
«Կարելի է յուրաքանչյուր հարցի համար ասել` ինչո՞ւ նախօրոք չքննարկվեց, համաձայն եմ, շատ ավելի լավ կլիներ, որ հասարակությանը նախօրոք նախապատրաստեին այդ գաղափարին, հաշվարկները ներկայացվեին հրապարակային` մամուլով, ձեր միջոցով: Եթե մենք ուզում ենք լավ սպասարկում, եթե մենք ուզում ենք լավ մեքենաներ, եթե ուզում ենք միմյանց գրկին նստած չերթևեկենք և այլն, ապա դա ենթադրում է որոշակի թանկացումներ»,- ի պատասխան ասաց ՀՀԿ-ական պատգամավորը`միաժամանակ ավելացնելով, որ տրանսպորտի գնի բարձացման պատասխանատուները պետք է կարողանան ապացուցել, թե ինչու է այն բարձրացել 50, այլ ոչ թե 20 կամ 30 տոկոսով:
Իսկ ինչո՞վ են քաղաքացիները հատուցելու այդ բարձրացումը, եթե չի բարձրանում նրանց աշխատավարձը: Ի պատասխան այս հարցադրմանը` Սամվել Նիկոյանը նշեց, որ այդ բարձրացումն, իհարկե, ազդելու է ընտանեկան բյուջեի վրա:
Լրագրողները Սամվել Նիկոյանից հետաքրքրվեցին, թե ինչու իշխանությունները չէին խոսում թանկացումների մասին` մինչև նախագահական և Երևանի ավագանու ընտրությունները, կամ ինչո՞ւ էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդամենը 3 ամիս առաջ վստահեցնում, որ տրասնպորտը չի թանկանալու: Այս հարցերին Ս. Նիկոյանը տվեց բավական անորոշ պատասխան. «Միգուցե, վերջին ամիսներին թանկացումները գազի ոլորտում, մնացած ոլորտներում, որն իր հետ շղթայական ռեակցիայով բերում է որոշակի թանկացումներ, դա բերեց նրան, որ այդ հարցը դառնա օրակարգային հարց»:
Հիշեցնենք, որ տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ համատարած բողոքի ակցիաներին զուգահեռ Երևանում սկսվել է զուգահեռ մի միջոցառում, երբ քաղաքացիները` հայտնի և անհայտ մարդիկ` անկախ սոցիալական կարգավիճակից և քաղաքական հայացքներից, տրամադրում են իրենց մեքենաները` Երևանի բնակիչներին անվճար տեղափոխելու համար:
Այս համատեքստում մենք հետաքրքրվեցինք Սամվել Նիկոյանից, թե արդյոք վերջինս պատրաստվո՞ւմ է որպես քաղաքացի կամ ԱԺ պատգամավոր, իր մեքենայով տեղափոխել քաղաքացիներին: «Եթե որևէիցէ մեկը դա անում է, շատ լավ է անում, ես դրան նորմալ եմ վերաբերում, բայց եթե որևիցէ մեկը չի անում, դա էլ նորմալ ընդունեք»,- ի պատասխան ասաց նա: