Վրացի «օրենքով գողին» Հունաստանում դատապարտել են 14 տարի ազատազրկման

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սալոնիկի դատարանը երեկ մինչև 14 տարի ազատազրկման է դատապարտել 52-ամյա վրացի «օրենքով գող» Լաշա Շուշանաշվիլիին (Լաշա Ռուսթավսկի):

Դատարանում հայտարարվել է, որ ամբաստանյալը հանդիսանում է միջազգային հանցավոր խմբավորման ղեկավար, որը գործել է Եվրոպայի տարբեր (6) երկրներում և իրականացրել է կողոպուտ, դրամաշորթություն, մահափորձեր, ինչպես նաև սպանել է մրցակից խմբի «ռուս մաֆիոզիի»:

Ամբաստանյալը հերքել է բոլոր մեղադրաքները՝ հայտարարելով, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը կազմակերպել են երկրի իշխանությունները այլակարծ գործունեության համար: Դատավարությունը մեկնարկել է հուլիսի 10-ին և անցել անվտանգության խստացված միջոցների պայմաններում: Դրան մասնակցել է նաև իսպանական ոստիկանության ներկայացուցիչը:

Շուշանաշվիլին կեղծ անձնագրով ձերբակալվել էր 2012 թվականի հունվարին Աթենքից ոչ հեռու ընկած Վուլիագմենի հանգստավայրում: Ակնկալվում էր, որ նրան կարտահանձնեն Իսպանիա, ուր նրան մեղադրում են հանցավոր խմբավորման ղեկավար հանդիսանալու, «փողեր լվանալու» և 2009 թվականին մահափորձ կատարելու մեջ:

Սակայն Հունաստանի դատական իշխանությունները հրաժարվեցին նրան արտահանձնել իսպանական կողմին՝ ելնելով նրանից, որ իր հանցանքները Շուշանաշվիլին կատարել է Հունաստանի տարածքում: Նրա դատական գործը կազմում է տասնյակ հազարավոր էջեր:

Իսպանական մամուլը գրել էր, թե Շուշանաշվիլին երկար ժամանակ կաշառել էր հունական ոստիկանությանը՝ ձերբակալությունից խույս տալու համար: Տրված կաշառքի ընդհանուր գումարը կազմել է մինչև 800.000 եվրո:

2010 թվականին Իսպանիայի իրավապահ մարմիններին հայտնի դարձավ Շուշանաշվիլիի գտնվելու վայրը, ինչից հետո պաշտոնական բողոք հղվեց հունական կողմին: Այդ ժամանակ էլ հունական ոստիկանությունը կազմակերպեց նրա ձերբակալման օպերացիան, սակայն «օրենքով գողը» նախապես իրազեկվել էր այդ մասին և չքացել: Նրան ձերբակալեցին միայն 2012 թվականի հունվարի 20-ին:

Ի դեպ, Վրաստանում նույնպես քրեական գործ է հարուցված Շուշանաշվիլիի նկատմամբ, ով պատրաստակամություն էր հայտնել ազատազրկում կրել ամենուրեք, միայն թե ոչ Վրաստանում:

Տեսանյութեր

Լրահոս