
ԱՄՆ-ը կասեցրել է Եգիպտոսին F-16 կործանիչների մատակարարումը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը դադարեցրել է Եգիպտոսին F-16 տիպի կործանիչների մատակարարումը՝ կապված այդ երկրում իրավիճակի սրման հետ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին.
«Հաշվի առնելով Եգիպտոսում տիրող իրավիճակը՝ մենք կարծում ենք, որ ներկայումս պատշաճ ժամանակը չէ F-16-ների մատակարարման համար: Որոշումն ընդունել է նախագահը, ինչը միաձայն աջակցություն է ստացել վարչակազմի՝ ազգային անվտանգության հարցերով պատասխանատու ներկայացուցիչների կողմից:
Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ը նպատակահարմար չի համարում Եգիպտոսին օգնելուց հրաժարվելը: Ամերիկյան ղեկավարությունը դեռ հետազոտում է տվյալ ոլորտում իրավիճակը»:
Պետդեպարտամենտից առաջ F-16 ինքնաթիռների մատակարարման դադարեցման մասին հայտնել էր Պենտագոնը: ԱՄՆ-ի ու Եգիպտոսի միջև կնքված համաձայնագրով Կահիրեն պետք է Վաշինգտոնից ստանա 20 կործանիչ:
ԶԼՄ-ների տվյալներով՝ հերթական խմբաքանակը պետք է բաղկացած լիներ 4 ինքնաթիռից: Եգիպտոսին ԱՄՆ տարեկան ռազմական օգնությունը կազմում է 1.3 միլիարդ դոլար: