Բաժիններ՝

«Գյուղնախարարության աշխատակիցը» 6 տարի կանցկացնի անազատության մեջ

Որպես գյուղատնտեսության նախարարության և «Էրեբունի ալկո» ընկերության աշխատակից ներկայացած Արշակ Աբրահամյանը բազմաթիվ դրվագներով խարդախության համար  դատապարտվել է  6 տարվա  ազատազրկման: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ, հուլիսի 19-ի դատավճռով   ամբաստանյալ Արշակ  Աբրահամյանին մեղավոր  է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ  հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ խոշոր չափերով խարդախություն, նախատեսված հինգ, ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն,  նախատեսված երկու հանցագործությունների կատարման մեջ:

Դատավճռով բավարարվել են տուժողների քաղաքացիական հայցերը՝ամբաստանյալից հօգուտ Ռոզա Գևորգյանի կբռնագանձվի 1.405.000 ՀՀ դրամ, հօգուտ Սոնյա Աղաջանյանի՝  8500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և 800.000 ՀՀ դրամ:

Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել, որ նա նախկինում դատապարտված չի եղել, իրեն լիովին մեղավոր է ճանաչում, զղջում է կատարածի համար, մասնակցել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողություններին,  ամբաստանյալը խնամքի տակ ունի մինչև տասնչորս տարեկան մեկ երեխա:

Ըստ մեղադրանքի,  Արշակ  Աբրահամյանը` 2010թ. սեպտեմբերի վերջերին Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի բնակիչ Միքայել Վանեսյանին ներկայանացել է որպես գյուղատնտեսության նախարարության աշխատակից,   Ճապոնիայի կառավարության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Բելառուսիայի հանրապետությունից ՀՀ ներկրված 62 միավոր շուրջ 40.000 ԱՄՆ դոլար շուկայական արժեք ունեցող, «Բելառուս»  մակնիշի 1 տրակտորն իր 2 գյուղգործիքների հետ միասին 16.000 ԱՄՆ դոլարով մրցութային եղանակով վերջինիս իրացնելու պատրվակով նախապես 2000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ վճարելու, իսկ մնացած գումարը 7 տարվա ընթացքում մարելու և աճուրդային կարգով տեխնիկա ձեռք բերելուն աջակցելու պատրվակով 2010թ. հոկտեմբերի սկզբներին խաբեությամբ Մ.Վանեսյանից վերցրել է 730.000 ՀՀ դրամ:

Նույն կերպ ներկայանալով, նույն պատրվակով և պայմաններով  Արշակ Աբրահամյանը 2010թ. սեպտեմբերի վերջերին Իջևան քաղաքի բնակիչ Գարեգին Ահարոնյանից կանխիկ ստացել և խաբեությամբ հափշտակել է 730.000 ՀՀ դրամ գումար, վստահությունը ամրապնդելու նպատակով շուրջ 1 շաբաթ անց, Գարեգին Ահարոնյանի եղբոր Գարուշ Ահարոնյանից դիմում է ընդունել՝խոստանալով մի քանի օրից տրամադրել տեխնիկան: 2011թ. ապրիլի վերջերին Գ.Ահարոնյանը հասկացել է, որ Աբրահամյանի հանցավոր մտադրություն է ունեցել,  հետ է պահանջել վճարած գումարը, սակայն Ա.Աբրահամյանը դիմել է փախուստի:

Ամբաստանյալը նույն կերպ  Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի բնակչուհի Ռոզա Գևորգյանից    2010թ. նոյեմբերի 4-ին ստացել և հափշտակել է 855.000 ՀՀ դրամ, որից 730.000 դրամն իբր գյուղտեխնիկայի կանխավճար, իսկ 125.000 դրամը աճուրդի նախավճար ու խոստացել մինչ 2010թ. վերջը հատկացնել նշված տեխնիկան: Վստահությունն ամրապնդելու նպատակով նա Ռ.Գևորգյանի ամուսնու՝ Աշոտ Գևորգյանի հետ գնացել է Էջմիածին և նրանից դիմում ընդունել, որն ուղարկել է ՀՀ գյուղատնտեսության նախարարություն: Այնուհետև տարբեր պատճառաբանություններ բերելով՝ հայտնել է, որ գործընթացը ձգձգվում է,  2011թ. ապրիլի վերջերին նորից վստահեցրել է, որ գործընթացը տեղից շարժվել է և տրակտորի հետ նոր սարքավորումներ է տրամադրելու, նրանից պահանջել և  ստացել է ևս 550.000 ՀՀ դրամ, որից 400.000 դրամը որպես գյուղգործիքների, իսկ 150.000 դրամն այլ ծախսերի համար նախատեսված գումար և կրկին խաբեությամբ հափշտակել նշված գումարը՝ Ռ.Գևորգյանին պատճառելով առանձնապես խոշոր չափի 1.405.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի բնակչուհի Սոնյա Աղաջանյանից նույն պատրվակով ամբաստանյալը պահանջել և 2010թ. նոյեմբերի 14-ին վերջինիցս ստացել ու հափշտակել է 8000 ԱՄՆ դոլարին համարժեք 2.912.000 ՀՀ դրամ՝  խոստանալով մինչ 2010թ. վերջը հատկացնել նշված տեխնիկան: Նշած ժամկետը լրանալուց հետո հայտնել է, որ գյուղտեխնիկայի գործընթացը ձգձգվում է, սակայն ընթացքի մեջ է:  Ապա 2011թ. Ա.Աբրահամյանը Ս.Աղաջանյանից պարտքով 500 ԱՄՆ դոլար է խնդրել՝ վերջինս  մտավախություն ունենալով, որ գումարը չտալու դեպքում Ա.Աբրահամյանը վատ կտրամադրվի իր հանդեպ և չի հատկացնի գյուղտեխնիկան, նույն օրը վերջինիս ուղարկած տաքսի ավտոմեքենայի վարորդի միջոցով նրան է փոխանցել պահանջված 500 ԱՄՆ դոլարին համարժեք 182.355 ՀՀ դրամ: Այնուհետև 2011թ. ապրիլի վերջերին Ա.Աբրահամյանը նորից հանդիպելով Ս.Աղաջանյանին և  կրկին վստահեցնելով, որ գործընթացը տեղից շարժվել է և սարքավորումների հատկացման համար անհրաժեշտ է կատարել կանխավճար, նրանից պահանջել և նույն օրը Այգեհովիտ գյուղում ստացել է ևս 800.000 ՀՀ դրամ ու խաբեությամբ հափշտակել նշված գումարը Ս.Աղաջանյանին պատճառելով առանձնապես խոշոր չափի 3.894.355 ՀՀ դրամ գույքային վնաս:

2010թ. հոկտեմբեր ամսվա կեսերին   Տավուշի մարզի Սևքար գյուղի բնակիչ Էդգար Հովհաննիսյանից  կանխիկ ստացել և խաբեությամբ հափշտակել է 1.500.000 ՀՀ դրամ կանխիկ գումար,  չկատարելով  իր խոստումը՝  դիմել փախուստի:

Կարդացեք այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս