Հայաստանի համար գոյություն չունի եվրաինտեգրման որևէ գործընթաց. Ֆյոդր Լուկյանով
Ռուսական Regnum լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» (Россия в глобальной политике) պարբերականի գլխավոր խմբագիր, քաղաքագետ Ֆյոդր Լուկյանովն անդրադարձել է Հայաստանի եվրաինտեգրման խնդրին.
«Հայաստանի համար գոյություն չունի եվրաինտեգրման որևէ գործընթաց: Հայաստանի եվրոպական կամ եվրասիական ընտրության մասի վեճերը քիչ են հարաբերակցվում իրականության հետ: Հայաստանը չունի և չի էլ կարող ունենալ այդօրինակ որևէ ընտրություն՝ առավել ևս կառուցված «կամ-կամ» սխեմայով:
Երկիրը գտնվում է շատ յուրահատուկ իրադրությունում, ապրում է գրեթե մեկուսացված աշխարհաքաղաքական իրավիճակում և ըստ էության, լուծում է իր երկարաժամկետ գոյատևման խնդիրները: Հայաստանի առաջ դրված առաջադրանքները մեծապես տարբերվում են Ուկրաինայի, Մոլդովայի ու Բելառուսի խնդիրներից:
Կրկնում եմ՝ Երևանը չունի այս կամ այն ուղղությամբ ինտեգրվելու իրական հեռանկարներ, կամ էլ դրանք շատ աղոտ են: Հայաստանի համար շատ ավելի այժմեական է գեոռազմավարական անվտանգության հարցը, ինչն այսօր լուծվում է հայ-ռուսական երկկողմանի հարաբերությունների կամ էլ ՀԱՊԿ-ի շրջանակներում:
Բացի Ռուսաստանից, Հայաստանը չունի անվտանգության որևէ այլ երաշխավոր, և դա վճռորոշ գործոն է: Հայաստանի եվրասիական ինտեգրումը հայ-ռուսական հարաբերություններն այն մակարդակի վրա պահպանելու ընդհանուր գաղափարն է, որը երկարաձգում է Ռուսաստանի կարգավիճակը որպես անվտանգության հիմնական երաշխավոր, և այդ հարցում դրվում է վերջակետ:
Բնականաբար, Հայաստանին կարող են փորձել հանել ռուսական ուղեծրից: Սակայն ո՞ւր: Ինչ վերաբերում է այսպես կոչված եվրոպական սցենարին, ապա դա քիչ թե շատ ռացիոնալ և իրատեսական է դարձնում ԵՄ-ին Թուրքիայի հիպոթետիկ (ենթադրական) անդամակցությունը:
Եթե ԱՄՆ-ն ու ԵՄ-ն իսկապես ցանկանային Երևանին կտրել Մոսկվայից, ապա նրանք դա արած կլինեին Թուրքիայի միջոցով: Դրա համար նրանք ստիպված կլինեին ճնշել Անկարային, հարկադրել նրան բացել սահմանները և Երևանի համար միջանցք բացել դեպի արևմտյան աշխարհ:
Սակայն նրանք դա չեն անում, թեև ցանկություն ունեն: Դա նրանց չի թվում կենսական անհրաժեշտ բան: Բացի այդ, դա անելու հնարավորություններն էլ են քիչ, քանի որ Թուրքիան սկսել է ինքնուրույն դրեյֆել, ինչը 15 տարի առաջ շատ քչերը կսպասեին նրանից:
«Ու՞մ հետ պետք է միավորվի Հայաստանը. Ռուսաստանի՞, թե՞ ԵՄ-ի հետ» հարցի պատասխանը շատ պարզ է. «Ոչ ոքի հետ»: Յուրաքանչյուր պետություն պետք է պաշտպանի իր ազգային շահերը: Իսկ Հայաստանի շահերն առաջին հերթին բխում են անվտանգության նկատառումներից»: