Բաժիններ՝

Ձկնաբուծարանների պատճառով Գրիբոյեդովում տարիներ շարունակ ջուր չկա

Ժամանակին Գրիբոյեդով գյուղում բնակվող 1500 բնակչի կեսն էլ այսօր չի մնացել: Գյուղում հատկապես վերջին տարիներին արտագաղթը հասել է ահռելի չափերի. ուղղությունները տարբեր են` Ռուսաստան, Եվրոպա, ԱՄՆ: Մնացած բնակիչների ընտանիքներն էլ ամբողջական չեն: Ընտանիքի անդամներից գոնե մեկ կամ երկուսը տարվա կեսից ավելին գտնվում են դրսում, որպեսզի կարողանան ընտանիքի անդամների հոգսերը հոգալ: Հանրապետության բազմաթիվ գյուղերի օրինակով՝ այստեղ էլ բնակիչների հիմնական ապրուստն անասնապահությունն ու հողագործությունն է: Վերջին տարիներին անասնապահությամբ զբաղվելը դարձել է թանկ հաճույք, հողագործությունն էլ չի արդարացնում. ծախսերը՝ շատ, օգուտը` քիչ, պարտքերը` հսկայական:

Պոմիդոր, վարունգ, ցորեն, խաղող: Սա մթերքների ցանկի մի փոքրիկ հատվածն է, որ աճում է այս տարածքում: Հողը լավն է, գյուղացիների մեկնաբանությամբ՝ առաջին «կլասի», սա նշանակում է, որ բերքը կլինի առատ ու բարձր որակի, սակայն գյուղի ամենամեծ խնդիրը ջրի բացակայությունն է: Այստեղ խմելու և ոռոգման յուրաքանչյուր գրամը պայքարի գնով է ձեռք բերվում:

Տարիներ առաջ գյուղում խմելու ջրի համար 29 արտեզյան հող է եղել, դրանց մեծ մասն այսօր ցամաքել է, ու մնացել է 17-ը: Եթե երեք-չորս տարի առաջ այդ հորերը եղել են ինքնաշատրվանող, ապա հիմա առանց պոմպի հնարավոր չէ ջուրը հանել, քանի որ ջրի մակարդակը կտրուկ նվազել է: Հորեր գյուղում շատ կտեսնեք: Յուրաքանչյուր թաղամաս  գումար է հավաքել, «դվիժոկ» տեղադրել, որպեսզի կարողանան խմելու ջուր ունենալ: Գյուղացիները կատակով ասում են, որ հաց չեն առնում, բայց էլեկտրաէներգիայի վարձը պարտադիր տալիս են, հակառակ պարագայում՝ ամբողջ գյուղը կզրկվի ջրից: Եթե խմելու ջրի հետ կապված խնդիրը քիչ թե շատ լուծվել է, ոռոգման ջրի բացակայությունը դարձել է գյուղացու համբերության վերջին կաթիլը:

«Հեկտարներով բադրիջանն ու լոլիկը չորացել-կախվել են»,- ասում են գյուղացիները` ափսոսանքով, որ այս տարվա իրենց տանջանքն էլ ջուրն ընկավ:

Ազատ Կիրակոսյանը գյուղի տարեցներից է: Ասում է` ծնվել է հողագործ ու օր ծերության էլ բահից չի հրաժարվի: Հողի լեզուն լավ է հասկանում ու գիտի՝ առանց ջրի անգամ լավագույն հողը բերք չի տա: Ազատ պապի հինգ հոգանոց ընտանիքի գոյության միակ աղբյուրը հողամասն է: Անցյալ տարի երկու հեկտար հողամասում Կիրակոսյանների ընտանիքը ցանել է ցորեն ու առվույտ: Գարնանը մեծ հույսերով վար ու ցանք են արել, սակայն աշնան բերքահավաքին կանգնել են փաստի առաջ` բերքը չի լրացրել ծախսերը: Եթե որդին էլ Ռուսաստանից գումար չուղարկեր, ապրել չէին կարողանա: Այս տարի էլ է առվույտ ցանել, բայց ջրել է նախատեսվածից երկու անգամ քիչ ու համոզված է, որ աշնանը կրկին պարտքեր է կուտակելու: «Բայց ի՞նչ անեմ, որ հողով չզբաղվեմ` կմեռնեմ»,- ասում է Ազատ պապը:

Սերոբ Խաչատրյանն, արդեն երեք տարի է, երեք հազար մետր հողատարածքում խաղողի այգի է հիմնել: Ասում է` հոգիները դուրս է գալիս, մինչև ջուր են անում, հատկապես նորատունկ այգին պետք է տասը օրը մեկ անգամ ջրեն, հաճախ պատահում է, որ ամսական մեկ անգամ է ջրում, այն էլ՝ «կռվով-դավով»: «Էդ պայմաններում՝ ի՞նչ բերք, ի՞նչ օգուտ»,- ասում է նա:

Սահակ Սահակյանի 7300 մետր վարելահողում առվույտ է ցանած: Իրեն ջուր չի հասնում, խողովակները փտած են, տեղ-տեղ՝ տրաքած, ու հարևան հողամասի տիրոջն է խնդրել, որպեսզի իր ջրից մի փոքր բաժին էլ իրեն հանի, նոր առու բացի, որ կարողանա գոնե մի փոքր օգուտ ստանալ:

Հարցին՝ բերքահավաքից հետո ստացված եկամուտը բավականացնո՞ւմ է` գյուղացիները զարմանքով և ծաղրանքով պատասխանում են. «Էս ի՞նչ եք ասում, ո՞նց կարա բավականացնի: Որ դրսից փող չուղարկեն, ո՞նց կարանք ապրել»:

Մահմուդյան Միրոն ժամանակին հողագործ էր, հիմա անգործ է: Մի քանի տարի շարունակ հողի հետ կապված ծախսերն ավելի շատ էին, քան բերքը: Ի վերջո, պարտքերն այնքան կուտակվեցին, որ ստիպված վաճառեց իր հողակտորը: Հարևան գյուղացիներն էլ հավելում են` եթե այսպես շարունակվի, իրենք էլ կվաճառեն իրենց հողատարածքը, անհնար է անընդհատ վնասով աշխատել ու պարտքով ապրել:

Որ պատասխանատու բոլոր մարմինները տեղյակ են գյուղի թիվ մեկ խնդրից, հավաստիացնում են գրեթե բոլոր գյուղացիները: Ասում են` նախորդ գյուղապետը բազմիցս դիմել է թե՛ մարզպետարան, թե՛ կառավարությանը, սակայն՝ անօգուտ: Նոր ընտրված գյուղապետն էլ` Վահե Գրիգորյանը, հավաստիացնում է, որ ամեն անգամ մարզպետարան մտնելիս ջրի հարցն է բարձրացնում, սակայն՝ անպարդյուն:

Գյուղին ոռոգման ջրով ապահովում է Ակնալիճ ՋՈՅ-ը: Հենց նրա տնօրեն Սիմոն Աբգարյանից էլ փորձեցինք ճշտել, թե ո՞ւր է գնում ջուրն, ու ինչո՞ւ գրիբոյեդովցուն ջուր չի հասնում: Ըստ Աբգարյանի, պատճառը հարևան մարզի ձկնաբուծարաններն են, դրանց պատճառով է, որ գյուղացին զրկվում է ջրից: «Ես չեմ ուզում շատ չակերտներ բացել, բայց պատճառը հարևան մարզի մի քանի տասնյակ ձկնաբուծարաններն են, որոնց գործունեության արդյունքում ջուրը գյուղ չի հասնում»,- ասում է Աբգարյանը` հավելելով, որ իր ղեկավարած ՋՈՅ-ն ամեն տարի պայմանագիրը թարմացնում է գյուղապետարանի հետ: Թե ինչո՞ւ են իրենց վրա պարտավորություն վերցնում, երբ չեն կարողանում գյուղացիներին ջուր մատակարարել, Աբգարյանի պատասխանն առավել քան հետաքրքրական է. «Աստծո հույսով ապրում ու աշխատում ենք, էլի»:

Աստծո հույսով, թե առանց նրա, սակայն գյուղացու համբերության բաժակն արդեն լցվում է: Գրիբոյեդովի ոռոգման ջուրը գալիս է նաև Ակնալճից, սակայն այն էլ վերջին 4 տարվա ընթացքում շատ է ցամաքել, ու անգամ պոմպերի միջոցով էլ դժվարությամբ է լինում գյուղին ջուր փոխանցել: Գյուղի ինքնաշատրվանող հորերը նույնպես ցամաքած են: Սիմոն Աբգարյանն ասում է, որ միակ ելքը խորքային հորեր փորելն է: Կառավարությունը մի քանի հարյուր միլիոն դրամ գումար է հատկացրել գյուղերում խորքային հորեր փորելու համար, սակայն այդ ցանկում Գրիբոյեդովը չկա, թե ինչո՞ւ, Աբգարյանի պատասխանը կարճ է` հերթը չի հասել, իսկ հաջորդ հարցին՝ ի՞նչ անել,  պատասխանը նույնպես անհավանականների շարքից է` սպասել ու կրկին հույսը դնել Աստծո վրա…

Ստացվում է, որ ՋՈՅ-ձկնաբուծարան հակամարտության մեջ միակ տուժողը գյուղացին է: Տարբեր կառույցների շահերի բախումն ավարտվում է մի ամբողջ գյուղի բնակիչների իրավունքների խախտմամբ: Ցավալին այն է, որ պետական պաշտոնյան ոչ միայն խնդիրը լուծելու ուղի չի ներկայացնում, այլև շտապում է հավելել, որ ապագայում ամեն ինչ էլ ավելի վատ է լինելու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս