Վարորդները միանում են «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիային (տեսանյութ)
Երևանի կենտրոնական փողոցներում արդեն 3-րդ օրն անընդմեջ շարունակվում են «Չեմ վճարելու 150 դրամ» բողոքի ակցիաները` ընդդեմ քաղաքային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման: Ինչպես տեղեկացրել ենք, այսօր առավոտյան ակցիայի մասնակիցները բողոքի ցույց անկացրեցին Երևանի քաղաքապետարանի դիմաց, այնուհետև կազմակերպեցին երթ` դեպի Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության բաժանմունք:
Իսկ արդեն օրվա երկրորդ կեսին ակցիայի մասնակիցները նախորդ օրերի պես Բաղրամյան և Մաշտոցի պողոտաներում պաստառներով կոչ էին անում միկրոավտոբուսների և երթուղային մեքենաների վարորդներին` ուղևորներին տեղափոխել ոչ թե 150, այլ 100 դրամով: Նշենք, որ այսօր Բաղրամյան պողոտայում նշված ակցիային էին միացել նաև մի շարք քաղաքական գործիչներ, այդ թվում` Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության անդամները, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, Հայ ազգային կոնգրեսի նախկին անդամ Դավիթ Շահնազարյանը և այլն:
150-ի փոխարեն 100 դրամ վճարելու ակտիվիստների կոչին թե´ ուղևորները, թե´ վարորդները արձագանքում էին ամենատարբեր կերպով. ոմանք, հատկապես վարորդները, դժգոհում էին և վիճաբանության մեջ էին մտնում երիտասարդների հետ, ոմանք չեզոք դիրք էին գրավում, իսօրինակ` երթուղային տաքսիներից մեկի վարորրդը հայտարարեց, որ երթևեկում է իր սեփական մեքենայով և որևէ ուղևորից ուղեվարձի համար մինչ այժմ չի վերցրել 150 դրամ և նույնիսկ մեքենայի մեջ չի փակցրել «ուղեվարձը` 150 դրամ» պաստառը:
«Չեմ վճարելու 150 դրամ» ակցիաների 3-րդ օրը` 168.am-ի տեսանյութում: