Արդյոք համարժե՞ք էր Հայաստանի իշխանությունների արձագանքը Հրաչյա Հարությունյանին կանացի խալաթով դատարան տանելու դեպքի առնչությամբ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք համարժե՞ք էր Հայաստանի իշխանությունների արձագանքը Հրաչյա Հարությունյանին կանացի խալաթով դատարան տանելու դեպքի առնչությամբ:
«Այս գործով Հայաստանի իշխանությունները, որոնք ներկայացված են Ռուսաստանում՝ Հայասատնի դեսպանությամբ, գործել են համարժեք և համաչափ»,- ասաց Կարեն Անդրեասյանը: Նա նշեց, որ անարդար են եղել առանձին անհատներ, ովքեր փորձել են ծաղրել ռուսական իշխանության ներկայացուցիչներին, երբ փորձել են վիրավորել պետությանը, այլ ոչ թե կենտրոնանալ առանձին իրավախախտների գործողությունների վրա:
Միևնույն ժամանակ Կարեն Անդրեասյանն ասաց, թե շատ ոգևորիչ էր այն հանգամանքը, որ մեկ մարդու համար այսքան հայեր «միահամուռ դրսևորումներ ունեցան»:
Ըստ նրա՝ առհասարակ կարևոր չէ այն հանգամանքը, որ Հրաչյա Հարությունյանի գործով մեղադրողը նույնպես հայազգի է: Հարցին՝ արդյոք կա՞ն հիմքեր, որոնք հնարավորություն կտան մեղմելու նախատեսվող պատիժը: «Խնդիրն ինչո՞ւմ է: Արդյոք Հրաչյա Հարությունյանը կարո՞ղ էր ողջամտության սահմաններում կանխել այդ վթարը, թե՞ ոչ: Արդյոք նա իրավախախտում կատարե՞լ է՝ նստելով այդ մենքենայի ղեկին, թե՞ ոչ»,- ասաց Կարեն Անդրեասյանը:
«Ես կարող եմ ասել, որ այստեղ հիմնաքարը, անկյունաքար այս գործի՝ մեղավո՞ր էր, թե՞ ոչ Հրաչյան, հետևյալն խնդրի մեջ է՝ որքանո՞վ էր նա տեղյակ կամ պետք է լիներ մեքենայի տեխնիկական վիճակի մասին, մեքենայի օրինական երթի մասին և իհարկե վերջում՝ ինչքանո՞վ էր կանխել նա այդ վթարը: Այ երրորդ հարցը, թվում է՝ մեզ բոլորիս համար ակնհայտ է, որովհետև հենց նույն կադրերում երևում է նրա փորձը՝ հնարավորինս մեղմել հարվածը: Բայց առաջին երկու խնդիրների վրա դեռ իրավաբանները պետք է աշխատեն»,- ասաց Կ. Անդրեասյանը՝ նշելով, որ այժմ փորձաքննությունների փուլ է, որը կտևի 2-3 ամիս: «Իրավաբանական իմաստով հիմա մի քիչ պասիվ շրջան է: Այս շրջանը լավագույնն է վերազինելու, վերաթարմացնելու Հրաչյա Հարությունյանի փաստաբանական թիմը»:
Կարեն Անդրեասյանն ասաց, որ Հրաչյա Հարությունյանի 3 փաստաբանների ընտրությունը «սպոնտան» էր ստացվել, և ստացվել էր «քաոտիկ թիմ»: Հրաչյա Հարությունյանի փաստաբանական թիմն ավելի կուռ դարձնելու համար, Կ. Անդրեասյանի խոսքով, Ռուսաստանում ամենահայտնի փաստաբաններից մեկը՝ Ռուբեն Մարգարյանը, կմիանա այդ թիմին: