Մարզերի գծատերերն էլ պակաս տղերք չեն. Արմավիրում ևս միջքաղաքային և միջհամայնքային երթուղին թանկացնելու նպատակ ունեն
Երևանում միջքաղաքային հասարակական տրանսպորտի գների թանկացումը չէր կարող չանդրադառնալ մարզերում գծատերերի ախորժակի վրա: Ինչպես ասում են, վատ օրինակը վարակիչ է, և վարակը, ըստ գծատերերի, կտարածվի ամբողջ Հայաստանի տարածքում: Ըստ alttv.am-ի՝ լուրեր են տարածվել, որ Արմավիրում ևս միջքաղաքային և միջհամայնքային երթուղին թանկացնելու նպատակ ունեն:
Ըստ կայքի՝ յուրաքանչյուր թանկացում չպետք է ինքնանպատակ լինի և պետք է կատարվի տրամաբանության սահմաններում: Թանկացում կարելի է կատարել նախ՝ երբ ոլորտը շահույթ չի ապահովում և վտանգված է ոլորտի հետագա գործունեությունը, երկրորդ՝ սպասարկման որակի կտրուկ բարելավման նպատակով ներդրումների պահանջ է առաջանում:
Հիմա այս գործոններից ո՞րն է դարձել մայրաքաղաքի միջքաղաքային տրանսպորտի սակագների վերանայման և թանկացման պատճառը, քաղաքացիները չգիտեն և հենց դրա համար էլ ըմբոստանում են:
Ասել թե գազի, էլեկտրաէներգիայի թանկացման կամ գնաճի պատճառով ոլորտը դարձել է ոչ եկամտաբեր, հասարակությունը չի հասկանա և չի հավատա, քանի որ եթե հիմա քաղաքապետարանը հայտարարի մրցույթ միջքաղաքային երթուղիները սպասարկելու համար և պայման դնի 100 դրամ սակագին, մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցողների պակաս չի զգացվի: Ընդհակառակը, ծանոթ-բարեկամ կգտնեն, տարբեր չափի կաշառքներ կառաջարկեն, միայն թե հաղթեն մրցույթում և 100 դրամով երթուղիները սպասարկեն:
«Ասել թե սպասարկման որակի կտրուկ բարձրացման նպատակով է սակագները թանկացել, դա արդեն հասարակության ծիծաղը կշարժի, քանի որ հասարակությունը չի կարող պատկերացնել, որ շախմատի ձիու պես միկրոավտոբուսում կանգնողները կվերանան, երթուղայինները չվացուցակով կժամանեն կանգառ, մեքենաները մետաղի ջարդոն չեն հիշեցնի, նստատեղերը կլինեն մաքուր և հարմարավետ, վարորդը կախվածության մեջ չի լինի ուղևորի քանակից և ամեն ձեռք տնկողի մոտ չի կանգնի, կներդրվեն հատուկ սարքեր և վճարումը կկատարվի քարտերի միջոցով, որ ուղևորները ստիպված չսպասեն, թե ե՞րբ է վարորդը վերադարձնելու 5 հազար դրամանոցի մանրը, վարորդը սափրված ու կոկիկ հագնված կլինի, քաղաքապետարանի տրանսպորտի բաժինը իրավիճակին տիրապետելու նպատակով ամենօրյա հսկողություն կսահմանի:
Հիմա հարցին մոտենանք իրավական տեսանկյունից: Օրինակ, ինչո՞ւ պետք է 2 կանգառ երթևեկող ուղևորը վճարի նույնքան գումար, որքան ասենք 10-15 կանգառ երթևեկող ուղևորը, ինչո՞ւ հավասար պայմաններ չեն ստեղծվում բոլոր ուղևորների համար: 100 դրամի պարագայում միգուցե ուղևորի համար դա նշանակություն չուներ, սակայն թանկացման հետ զուգահեռ նման հարցերը դառնում են արդիական:
Շուտով մարզերի գծատերերը կհետևեն մայրաքաղաքի օրինակին: Ի դեպ, մարզերում էլ գծատերերը պատահական մարդիկ չեն և ունեն անհրաժեշտ լծակներ սակագները վերանայել տալու համար, հետո իրենք ինչո՞վ են պակաս մայրաքաղաքի գծատերերից: Մնում է միայն հուսալ, որ մարզերում հասարակական տրանսպորտային միջոցները թանկացնելուց հետո նորից ուղևորներին չեն իջեցնի գազալցակայանում լիցքավորվելու համար, կամ նստատեղերը ուղևորներով չլրացնելու պարագայում էլ գիծ դուրս կգան, իսկ սարքին մեքենաներով սպասարկելը դա արդեն մարզերի համար մեծ շքեղություն կլինի»,- գրում է կայքը: