Բաժիններ՝

Արմավիրում խմելու ջուրը դարձել է թանկ հաճույք

Արմավիրի մարզի բազմաթիվ համայնքներում մի կաթիլ ջուրն անգամ գումար արժե, ու տեղի բնակիչները գիտեն` ինչպես խնայել ջուրը: Թեպետ պատասխանատու մարմինները, քաղաքային և մարզային իշխանությունները հավաստիացնում են, որ ծորակից հոսող ջուրը մաքուր է և համապատասխանում է նորմային, սակայն ջուրը ոչ միայն տհաճ հոտ ու համ ունի, այլև ժանգագույն է: Հենց դա է պատճառը, որ մարզի բազմաթիվ բնակավայրերում բնակիչները ջուրը գնում են:

Ծորակից ժանգագույն ջուր է հոսում նաև մարզկենտրոն Արմավիրում. շաբաթական մեկ կամ երկու անգամ ջրի մարդը գալիս է ու մեքենաներով Թալինի ջուր բերում: Ջրի մեկ դույլն արժե 50-100 դրամ: Դա կախված է սեզոնից: Բնականաբար, ամռանը ջրի գինը բարձրանում է, պահանջարկը՝ նույնպես:

«Ամռան սեզոնին օրական 500-1000 դրամ տալիս եմ, որ խմելու ջուր առնենք: Ամառ ա, զակատ ա, մուրաբա ա, ընտանիքի անդամները շատ են: Մեր տան ջուրը մենակ օգտագործում են լողանալու համար, հարսս էդ ջրով չի թողնում ամանները լվանանք: Որ կռանթը բացում ես, դեղին ջուր է գալիս»,- պատմում է տիկին Սեդան ու հավելում, որ իր հարևաններից ոչ ոք չի օգտագործում ծորակի ջուրը:

Միջին հաշվարկով՝ արմավիրցիներն ամսական մինչև 7-8000 դրամ վճարում են խմելու ջրի համար: Բնակիչների հավաստիացմամբ՝ ամսական 3000 դրամ էլ վճարում են բնակարանում հոսող ժանգոտ ջրի համար: Ստացվում է, որ միայն ջրի համար Արմավիրում վճարում են միջինը 10 000 դրամ: Սա՝ այն պարագայում, երբ քաղաքում աշխատատեղեր չկան, իսկ բարձր աշխատավարձը համարվում է 70-80 000 դրամը:

Կարդացեք նաև

Արմավիր քաղաքին խմելու ջրով ապահովում է «Նորակունք» ընկերությունը: Ընկերության հավաստիացմամբ՝ իրենք ջուրը պարբերաբար ենթարկում են լաբորատոր ստուգումների և, իրենց գնահատմամբ, իրենց տված ջուրը մաքուր է: Ըստ ընկերության տնօրեն Արտավազդ Թորոսյանի՝ ընտրության հարց է, ճաշակի խնդիր, որ արմավիրցիները նախընտրում են ջուր գնել: Իրենց տված ջուրը վատը չէ, ուղղակի համեմատական առումով որոշակի կոշտություն, համ ունի, ու դա շատերին դուր չի գալիս: Նրա գնահատմամբ՝ քաղաքացիներն ավելի շատ աղմուկ են բարձրացնում, քան իրական խնդիրն է:

Թեպետ Թորոսյանը հավաստիացնում էր, որ ինքն ու իր ընտանիքի անդամները խմում են ծորակի ջուրը, սակայն իր գրասենյակում դրված էր շշալցված ջուր: Իր խոսքերով՝ մեկ-մեկ էլ սիրտն ուրիշ ջուր է ցանկանում, դրա համար էլ շշալցված ջուր է խմում:

Այս ամենին զուգահեռ՝ Թորոսյանը նաև չի հերքում, որ խմելու ջուրը ոչ միայն ժանգոտ է, այլև ունի տհաճ համ: Սակայն դա, ըստ պաշտոնյայի, հազարից մեկ է պատահում, իր խոսքերով՝ վթարների հետևանք է, «որոնք, էլի եմ ասում, էդքան էլ հաճախ չեն գրանցվում»: Թորոսյանը բարկանում է, որ ուշադրություն չենք դարձնում այն հանգամանքին, որ Արմավիրում ջուրը մշտական է՝ 24-ժամյա: Մեր այն դիտարկմանը, որ 24-ժամյա մատակարարում է, սակայն անորակ և, ըստ էության, ոչ մի օգուտ չի տալիս, Թորոսյանը հակադարձեց. «Նայած՝ որ տեսանկյունից նայենք: Օրինակ, քո մաման տորթի կրեմը կարագով ա սարքում, մեկ ուրիշինը՝ մարգարինով: Մեկը կարագով է սիրում խմորեղենը, մյուսն էլ՝ մարգարինով: Բաա՜: Ճաշակի հարց է, ուրիշ ոչինչ»:

Արմավիրի մարզ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս