Վրաստանում 4 ժամ հարցաքննել են Գյուղատնտեսության նախկին նախարարին
Грузия Online-ի փոխանցմամբ՝ երեկ ուշ երեկոյան Վրաստանի ՆԳՆ-ի շենքում հարցաքննել են Վրաստանի գյուղատնտեսության նախկին նախարար Դավիթ Կիրվալիձեին: Վերջինիս հարցաքննությունը տևել է 4 ժամ:
Հարցաքննությունից հետո Կիրվալիձեն հայտարարել է, որ իրեն հարցաքննել են նախարարությունում աղմուկ բարձրացրած կոռուպցիոն գործով՝ որպես վկա: Նա հրաժարվել է այլ մանրամասներ հաղորդել՝ ընդգծելով, որ հետաքննության շահերից ելնելով իրեն դա արգելել են քննիչները:
Կիրվալիձեն նախարար է նշանակվել նախորդ տարվա հոկտեմբերի 1-ին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո, որոնցում հաղթեց ներկայիս վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» դաշինքը:
Կիրվալիձեն հետագայում ստիպված է եղել հրաժարական տալ՝ կապված տրակտորների գնմանն ու վարելահողերի մշակմանն առնչվող կոռուպցիոն սկանդալի հետ: Հետաքննությունը պնդում է, որ այդ նպատակով հատկացված 54 միլիոն լարին (1 դոլարը հավասար է 1.65 լարիի) յուրացվել է նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից: Տվյալ գործով նախնական կալանքի տակ է վերցվել մի քանի մարդ: