Նիկոլ Փաշինյանը մտել է ոստիկանության բաժանմունք և դուրս է եկել. Ակտիվիստները մեղադրվում են ոստիկանության մեքենան վնասելու մեջ
Ինչպես տեղեկացրել ենք, ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում են գտնվում «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիային մասնակից ՀԱԿ ակտիվիստներ Սարգիս և Արեգ Գևորգյանները և ևս 4 ակտիվիստներ` Դավիթ Հարությունյանը, Գևորգ Սաֆարյանը, Գուրգեն Ասատրյանը և Վիլեն Գաբրիելյանը (Նավակ ճոճող):
Նրանց ազատ արձակելու պահանջով ոստիկանության բաժնի մոտ են հավաքվել ակտիվիստները, «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր Ալեն Սիմոնյանը, հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանը, ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Վերջինս մտել էր ոստիկանության շենք` բանակցություններ վարելու և արդեն դուրս է եկել այնտեղից: 168.am-ի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ երեկ վերոնշյալ ակտիվիստների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել.
«Ինձ ոստիկանությունում ասացին, որ ցանկանում են տղաներին այդ գործի շրջանակներում հարցաքննել: Հիմա նրանց կարգավիճակը բերման ենթարկվածի կարգավիճակ է և նրանցից յուրաքանչյուրի բերման ենթարկելու 3 ժամը լրանալուց հետո պետք է ճշգրտվի հետագա կարգավիճակը: Հույս ունենանք՝ բոլորին ազատ արձակեն: Ինձ ասացին նաև, որ քրեական գործը հարուցված է 316 հոդվածի ու 185 հոդվածի հատկանիշներով»:
ՀԱԿ պատգամավորի խոսքով` ՔՕ հոդվածներն արդեն խոսում են այն մասին, որ ոստիկանության ներկայացուցչին կամ ներկայացուցիչներին հասցվել են մարմնական վնասվածքներ ու վնասվել է ոստիկանության գույքը. «Տվյալ դեպքում, ըստ ոստիկանության վարկածի, որով իրենք են առաջնորդվում, հաշվի է առնվել ոստիկանական մեքենան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
168.am-ի հարցին, թե ոստիկանության պահվածքը Ձեզ համար հասկանալի՞ է, նա պատասխանեց. «Ես ոստիկանությունում հարցրի, թե ի՞նչ կարիք կար, որ բերման ենթարկեին, այն դեպքում, երբ պետք էր ծանուցագիր ուղղարկել: Ոստիկանության ներկայացուցիչներն ասում էին, թե քանի որ մարդկանց ինքնությունն իրենց համար պարզ չէ, ծանուցագիր ուղղարկել չեն կարողացել: Բայց ես մնում եմ այն կարծիքին, որ կարող էին տեղում ճշտել ինքնությունը և ուժային գորոծողությունների չդիմել՝ օրենսդրությամբ երաշխավորված հավաքի ժամանակ»:
Մեր հարցին, թե որքա՞ն եք պատրաստվում մնալ ոստիկանության շենքի առջև, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Որքան անհրաժեշտ է: Այնպես է ստացվել, որ մարդիկ տեղեկատվության ուրիշ աղբյուր չունեն: Ես մտնում եմ, դուրս եմ գալիս: Քանի դեռ այդ ֆունկցիայի անհրաժեշտությունը կա, ես կկատարեմ այն, որ մարդիկ տեղյակ լինեն` ինչ է կատարվում»: