Բաժիններ՝

Հայաստանի ԱԳ նախարարը մասնակցեց Եվրոպական Միության և Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը

Հուլիսի 22-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում մասնակցեց Եվրոպական Միության և Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը, որին ներկա էին ԵՄ Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, ԵՄ Ընդլայնման և հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը, հանդիպման մասնակիցները քննարկեցին նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության երրորդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, մտքեր փոխանակվեցին Արևելյան գործընկերության շրջանակներում ընթացող բանակցային գործընթացներում արձանագրած առաջընթացի շուրջ։

Ելույթ ունենալով նիստին՝ Հայաստանի արտգործնախարարն ասաց, որ Արևելյան գործընկերության Վարշավայի գագաթնաժողովից անցած երկու տարիների ընթացքում զգալի առաջընթաց է գրանցվել համագործակցության բոլոր հիմնական ոլորտներում՝ Ասոցացման համաձայնագրի, մարդկանց շարժունակության, Մուտքի արտոնագրերի դյուրացման և Ռեադմիսիայի համաձայնագրերի բանակցությունների։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորեց Արևելյան գործընկերության շրջանակներում իրականացվող համագործակցությունը՝ իրականացվող բարեփոխումների խթանման համար։ Նա շեշտեց, որ միջազգային կառույցների վերջին զեկույցները արձանագրում են Հայաստանի առաջընթացն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, օրենքի գերակայությունը, արդյունավետ կառավարումը և այլն։

Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Երևանում սեպտեմբերի 12-13-ը կայանալիք Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը զուգահեռ տեղի կունենա կրթության բնագավառին նվիրված բարձր մակարդակի հանդիպում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս