Եգիպտոսում նոր բախումներ են գրանցվել Մուրսիի համակիրների ու հակառակորդների միջև
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Կահիրեում և Եգիպտոսի մի շարք այլ նահանգներում վերսկսվել են բախումները պաշտոնանկ արված նախագահ Մոհամմեդ Մուրսիի համակիրների ու հակառակորդների միջև: Կան տուժածներ:
Այս անգամ բախումների էպիկենտրոնը դարձել է Կահիրեի կենտրոնը՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ ընկած տարածքը: «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության ակտիվիստներն ու համակիրները փորձել են հանրահավաք կազմակերպել դիվանագիտական ներկայացուցչության դարպասների մոտ, սակայն ոստիկանությունը նրանց դիմավորել է արցունքաբեր գազով:
Բացի այդ, դեպքի վայրում են հավաքվել բազմաթիվ երիտասարդական խմբավորումներ, որոնք դեմ են հանդես գալիս իշխանության ղեկին Մուրսիի վերադարձին: Բախումների ժամանակ կողմերը գործի են դրել քարեր, ձողեր: Ականատեսների վկայությամբ հնչել են նաև կրակոցներ:
Մոհամմեդ Մուրսին պաշտոնանկ է արվել հուլիսի 3-ին և գտնվում է տնային կալանքի տակ: