Պետությունը չի աջակցում «Նարեկ» ծերանոցին
Տիկին Շողիկին Աբովյան քաղաքում շատերն են ճանաչում: Նա քաղաքի առաջին բնակիչներից է. «Հիսուն տարի է, ինչ Հայաստան եմ տեղափոխվել Վրաստանից: Եկա հայրենիք՝ հայկական կրթություն ստանալու: Մի քանի մասնագիտություն փոխելուց հետո ընդունվեցի Մանկավարժական համալսարան»,- պատմում է նա:
Տարիներ առաջ Շողիկ և Ֆրիդոն Միքայելյաններն Աբովյան քաղաքում ստեղծեցին «Սաթենիկ» բարեգործական հասարակական կազմակերպությունը և բացեցին «Նարեկ» անունը կրող ծերանոցը:
«1988 թվականից սկսած անօթևան մարդկանց տեղ էինք տալիս մեր տանը, սկզբում՝ երկրաշարժը, հետո Սումգայիթի ջարդերը եղան… Երեխաներ էլ ենք պահել: Նրանցից մեկը ամիսը երկու անգամ այցելում է մեզ, ինձ «հորաքույր»-ով է դիմում: 1993 թվականից սկսեցինք ավելի լուրջ զբաղվել. մի քանի տուն էինք վարձակալել Աբովյանում, բայց 2003 թվականից սկսած Գագիկ Ծառուկյանը մեզ տրամադրեց այս շինությունը, որը նախկին ինֆեկցիոն հիվանդանոցն էր: Այն անմիխիթար վիճակում էր, սկսեցինք վերանորոգել ու ապրել այստեղ»,- պատմում է նա:
Աբովյանի այս ծերանոցը 36 բնակիչ ունի: Այստեղ նույնիսկ պսակադրության արարողություն է տեղի ունեցել:
«74 տարեկան մի պապիկ ունեինք: 34 տարեկանում կորցրել էր կնոջն ու միայնակ մեծացրել էր տղաներին: Որդիներից մեկը մահացել էր, իսկ մյուս որդու կինը չէր ցանկացել պահել նրան ու բերել էր ծերանոց՝ խաբելով, թե հանգստյան տուն է: Որոշ ժամանակ անց իմացավ, որ ծերանոցում է գտնվում: Շատ ծանր տարավ, գոռգոռում էր, բարկանում, և այլն: Մեկ ամիս անց համակերպվեց ու ձուլվեց մյուսներին: Այգում գործ էր անում, հող մշակում: Մի քանի ամիս անց եկավ ու ասաց, որ ծերանոցի Ռոզային է սիրում. ամուսնացրեցի նրանց: Քող հագցրեցինք հարսիկին, սեղան գցեցինք ու ծերերով նշեցինք: Մի քանի ամիս անց խնձոր էինք դասավորում, օգնում էր մեզ: Ընտրեց ամենամեծ խնձորն ու որոշեց կնոջը տալ… Ցավոք, հենց նույն օրը նրա առողջական վիճակը փոխվեց ու 27 օր անց հիվանդանոցում մահացավ»,- պատմեց տիկին Շողիկը:
Տիկին Շողիկը պատմում է, որ ծերերը քիչ ուշադրությունից են նեղվում, զավակների անտարբերությունից, սակայն այստեղ նրանց հետ աշխատում են հոգեբաններ, համապատասխան այլ մասնագետներ:
168.am-ի այն հարցին, թե որո՞նք են ծերանոցի հիմնական խնդիրները, տիկին Շողիկը պատասխանեց.
«Պետությունը չի հոգում մեր մասին: Ավելացրած արժեքի հարկ ենք մուծում, կոմունալ վարձերը չենք հասցնում, և այլն: Ծերերին զրկում են նպաստից, 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի հաշմանդամներ ունենք, ովքեր նույնպես նպաստ չեն ստանում, որովհետև ծերանոցում են: Պրն Ծառուկյանը մի ժամանակ ակտիվ օգնում էր ծերանոցին, հետո դադարեցրեց, հիմա մեկ ամիս 200 հազար դրամ փոխանցել է, խոստացել է պարբերաբար անել, բայց դեռ ոչինչ չի արվել»,- մեզ հետ զրույցում ասաց նա:
70-ամյա, եռանդուն, հոգատար այս կինը ծերերի մասին խնամքով գրառումներ է անում մատյանում: «Շողիկ մայրիկ»՝ ահա այսպես են դիմում նրան այստեղ: Նա պարբերաբար ծերերին տանում է էքսկուրսիաների, անգամ օպերային ներկայացում վայելելու: Մարդկանց կյանքի վերջին տարիների ապրումներն ամեն օր զգալով՝ տիկին Շողիկը ցավում է ու հույս հայտնում, որ օրերից մի օր ծերանցներ այլևս չեն լինի:
Ք. Աբովյան