Ջրի խնդիրն օրհասական է Շիրակավանցիների համար
Անի տարածաշրջանի Շիրակավան գյուղը գտնվում է Երևան-Գյումրի ավտոմայրուղու վրա` Մարալիկ քաղաքից 15 կիլոմետր հեռավորության վրա: Հիմնվել է 1750-ականներին, ԽՍՀՄ փլուզումից առաջ ունեցել է եկեղեցի, դատարան, գիմնազիա: 1980-ականների սկզբին, երբ կառուցվեց Ախուրյանի ջրամբարը, Շիրակավան և Նորաբեր գյուղերը տեղահանվեցին` միավորվելով մեկ գյուղում, որը կոչվեց Շիրակավան:
Գյուղի ներկայիս հիմնախնդիրներից ամենաառաջնայինը խմելու և ոռոգման ջրի հարցն է. «Մարդկանց ջուրը երկու օրը մեկ մի քանի ժամով են տալիս, ընթացքում փորձում ենք հավաքել ջրի պաշար, որ հերիք անի հաջորդ օրերի համար»,- 168.am-ի հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը, ով չցանկացավ նշել իր անունը:
«Գյուղը մի կերպ է յոլա գնում առանց ջրի, էլ չեմ ասում ոռոգման ջրի հարցը, որն առհասարակ չգիտենք, թե ե՞րբ կարող է լուծվել: Մարդիկ չեն կարող իրենց հողերն օգտագործել` մեծ մասշտաբի գյուղատնտեսություն դնել, եկամուտ ստանալ, այստեղից էլ արտագնա աշխատանքների մեկնող մարդկանց թիվն է ավելանում: Գյուղում երիտասարդների մեծ մասը կամ արտագնա աշխատանքների է, կամ մեկնում է՝ որպես պայմանագրային զինծառայող: Ջրի խնդիրն առկա է նաև հարակից գյուղերում, խնդիրն Ախուրյանի ջրամբարի շահագործման մեջ է»,- ասաց մեր զրուցակիցը:
Ջրամբարի վերանորոգման հիմնախնդիրը տարիներով մատնված է անուշադրության: Լուծել դա հնարավոր է միմիայն պետական աջակցությամբ: Հետխորհրդային ժամանակաշրջանից «բաժին հասած» խողովակաշարերը նախ՝ սեփականաշնորհվել, ապա՝ ապամոնտաժվել են: Դա նշանակում է, որ ջրամբարի շահագործման հարցն էլ ավելի է լրջանում` կապված խողովակաշարեր չլինելու հետ:
168.am-ի հետ զրույցում Շիրակավանի գյուղապետ Մարատ Մկրտչյանը նշեց, որ ջրի հարցով նա գրավոր տարբերակով դիմել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին, ով իր հերթին՝ խոսք է տվել, որ գյուղի ոռոգման ջրի խնդիրը կներառվի 2014-2015 թվականների ծրագրի մեջ: Լինելով նորանշանակ գյուղապետ` պարոն Մկրտչյանը ևս նշեց, որ կիսում է այն բոլոր խնդիրներն ու անհանգստությունները, որոնք առկա են գյուղում, և ավելացրեց, որ արտագնա աշխատանքի մեկողների մեծ թիվը ևս կարող է նվազել, եթե գյուղացիները կարողանան ոռոգման ջուր ունենալ: Ներկայումս գյուղացիների հիմնական եկամուտը քիչ թե շատ ապահովվում է անասնապահության միջոցով: Գյուղապետը նաև նշեց, որ պլանավորվում է գյուղում բացել կուլտուրայի օջախ և ուշադրություն դարձնել ճանապարհային վերանորոգման հարցերին:
Շիրակի մարզ