ԵՄ-ը «Հզբոլլահի» ռազմական թևը ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություն
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Բրյուսելում հավաքվել են ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարները: Նրանք համաձայնվել են ահաբեկչական կազմակերպությունների թվում ընդգրկել լիբանանյան «Հզբոլլահ» շարժման ռազմական թևը, որը Սիրիայում հանդես է գալիս վարչակարգի կողմից:
Այս մասին հայտնում են արևմտյան լրատվական գործակալությունները՝ վկայակոչելով անանուն դիվանագետներին: Սրանից առաջ աղբյուրները հայտնել էին, որ տվյալ որոշման դեմ հանդես են գալիս Իռլանդիան ու Մալթան, մինչդեռ համապատասխան որոշման ընդունման համար անհրաժեշտ է ԵՄ-ի անդամների միաձայն համաձայնությունը:
Դիվանագետներն ընդգծել են, որ «Հզբոլլահը» մտադիր է շարունակել երկխոսությունը լիբանանյան բոլոր քաղաքական ուժերի հետ, ինչի համար էլ որոշումն առնչվել է նրա միայն ռազմական թևին: «Հզբոլլահի» ռազմական թևը ԵՄ-ի՝ ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ընդգրկելու նախաձեռնողը Մեծ Բրիտանիան է: