Հաղարջ սև` ՀՀ բնաշխարհի գանձերը

Բուժիչ նամակներ

ՀՀ բնության մեջ հանդիպում են հաղարջենու 5 տեսակներ` Ախուրյանի, ալպյան, արևելյան, բիբերշտեյնի և հայկական։
Հաղարջենի ոսկյա տեսակը 19-րդ դարի վերջին ներմուծվել է Հյուսիսային Ամերիկայից և առաջին անգամ մշակվել է այժմյան Գյումրիում։ Պարտեզներում մշակվում են հաղարջենի սևը և կարմիրը (R. nigrum և R. rubrum)։

Հաղարջենի հայկականը (Ribes armenum) պատկանում է քարբեկազգիների ընտանիքին, տերևաթափ թուփ է` մինչև 1 մ բարձրությամբ։ Ընձյուղները, տերևակոթունը և տերևի ցածի կողմը ծածկված են դեղին, կետավոր, բուրումնավետ գեղձիկներով։ Տերևները խոշոր են, հիմքում` սրտաձև, 5 եռանկյունաձև բլթակներով։ Ծաղիկները զանգակատիպ են, կապտակարմրավուն կամ վարդամոխրագույն, երբեմն` կանաչավուն։ Ծաղկաբույլը 4-9 ծաղկից կազմված ողկույզ է։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, մեղրատու բույս է։ Հատապտուղը մերկ, սև գույնի, չորացած գագաթային ծաղկակիցով բազմասերմիկ է։ Պտղակոթունի երկարությունը և պտղի տրամագիծը գրեթե հավասար են` 0,6-1 սմ։ Հատապտուղները հասունանում են հուլիսին։

Կան բոլոր հիմքերը` ենթադրելու, որ հաղարջ սևի բոլոր մշակովի տեսակները ստացվել են ՀՀ Վայքի մարզի լեռնային գոտու անտառային եզրերին և քարքարոտ վայրերում աճող հայկական հաղարջից։

Կարդացեք նաև

Ribes armenum տեսակը բնաշխարհիկ (էնդեմ) բույս է, որ հանդիպում է միայն մեր հայրենիքում։ Հաղարջենին անչափ հարուստ է օգտակար նյութերով, որոնց քանակային և որակային չափը կախված է աճման պայմաններից։ Ապացուցված է, որ քարքարոտ վայրերում աճող բույսն ավելի հարուստ է միկրո և մակրոտարրերով, վիտամիններով, և այլն։

Հատապտղի բաղադրությունը և օգտակար հատկությունները
Պարունակում է մինչև 16 տոկոս շաքարներ (գլյուկոզա, սախարոզա, ֆրուկտոզա), 4 տոկոս օրգանական թթուներ (կիտրոնի, խնձորի, ֆոսֆորի), պեկտին, դաբաղանյութեր, անտոցիանային միացություններ, ներկանյութեր, գլիկոզիդներ, եթերային յուղեր։ 100 գ պտղում պարունակվում է 80-400 մգ C վիտամին` 30 գ-ը լիովին բավարարում է օրգանիզմի 1 օրվա պահանջը։ Պտղում պարունակվող ռուտինը նպաստում է C վիտամինի յուրացմանը։ Կարևոր է, որ հաղարջենու սև հատապտուղը չի պարունակում C վիտամինը քայքայող ֆերմենտներ, ինչի շնորհիվ ասկորբինաթթուն լավ է պահպանվում սառեցրած պտուղների մեջ։ Օգտակար նյութերը լավ են պահպանվում նաև շաքարավազի հետ խառնելու դեպքում (1։3 կամ 1։2)։

Թարմ հյութը պահպանում է պտուղներում պարունակվող օգտակար նյութերը։ 100 մլ հյութը պարունակում է օրգանիզմին անհրաժեշտ (1 օրվա) երկաթի 13 տոկոսը, պղնձի 10,5 տոկոսը, մարգանեցի 17,5 տոկոսը, կալիումի 12 տոկոսը, նաև կալցիում, մագնիում, ֆոսֆոր, ցինկ, քրոմ, յոդ, սելեն, բարիում, մոլիբդեն, կոբալտ։

100 գ պտուղը պարունակում է զգալի քանակության E վիտամին` 0,72 մգ, պանտոտենաթթու կամ B5` 0,4 մգ, բիոտին` 2,4 մկգ, K վիտամին, նաև B1, B2, B6, նիացին կամ նույն ինքը` PP, ֆոլիաթթու, կարոտին։ Պարունակում է ֆենիլալանին, որի սակավությունն առաջացնում է ֆենիլկետոնուրիա` վիտամինային անբավարարության ձևերից մեկը։

Հաղարջը պարունակում է նաև լինոլենային թթուներ, որոնք տրոհում են ճարպային բջիջները. նման հատկությունը կարևոր է ցելյուլիտի բուժման համար։
Ժողովրդական բժշկության մեջ կիրառվում են նաև չորացրած պտուղները. փռեք օդափոխվող տարածքում` շվաքին, մի քանի օրից չորացրեք ջեռոցում (60-65 ջերմաստիճանի պայմաններում)։

Նման եղանակով չորացրած հատապտուղը պահպանում է թարմի օգտակար հատկությունները, իսկ տարվա ցուրտ եղանակներին բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը վարակային ինֆեկցիաների հանդեպ.

  • 1ճ/գ հումքը 2 ժամ թրմեք ջերմապահում` 200 մլ եռջրում։ Հաղարջի թարմ և չորացրած պտուղները, հյութը և այլ պատրաստուկներն օգտակար են աղեստամոքսային համակարգի խոցային հիվանդությունների, ստամոքսահյութի ցածր թթվայնության, սրտի ռիթմերի խանգարման, արյունահոսության, խոլեցիստիտի, նեխային ընթացք ունեցող դիսբակտերիոզի, անեմիայի, ռևմատիզմի, միզաքարային հիվանդության, աթերոսկլերոզի, հիպերտոնիայի, մաշկային ցանի դեպքում, և այլն։

Հատապտուղն ունի միզամուղ, քրտնամուղ, քնաբեր, խոլեստերինը և ծանր մետաղներն օրգանիզմից հեռացնող` արյունը մաքրող և հակաճառագայթային, հակաուռուցքային հատկություններ։
Ոգեթուրմ. Պատրաստեք 20 տոկոսանոց օշարակ, խառնեք թարմ հատապտղի և օղու հետ (1։2։2), 20 օր թրմեք։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 2-3 անգամ` թեյի հետ։
Քացախ։ Թարմ պտղի վրա լցրեք 20 տոկոսանոց օշարակ (1։1), 15 օր թրմեք մութ տեղում, հաճախակի խառնեք։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 1 անգամ, ուտելուց առաջ, լեղաքարային և միզաքարային հիվանդությունների, հոդատապի, օստեոխոնդրոզի, արթրիտի դեպքում։
Սպիտակեցնող դիմակ պեպենների դեմ. Տրորեք չհասունացած պտուղը, խառնեք մեղրի հետ (3։1), 20 րոպեից լվացեք գոլ ջրով, մշակեք դեմքը կիտրոնի հյութով։

(Շարունակելի)
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս