ՀՅԴ-ի Իրանում «հեղափոխական արշավի» հետքերով
Իրանի երկրորդ հայաշատ քաղաքի՝ Սպահանի, «Սևան» մարզադաշտի վրա դաշնակցականների, հուլիսի 16-ի, «հեղափոխական արշավ»-ը պատճառ դարձավ, որ հարցում ներքաշվեն նաև երկրի իրավապահ մարմինները, որից հետո կողմերը պետական ներկայացուցչի մասնակցությամբ համատեղ քննարկեցին առկա հարցերը և հանգան որոշակի համաձայնության:
Ինչպես արդեն հաղորդել էինք, հուլիսի 16-ի երեկոյան դաշնակցականները, Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի փոխատենապետի գլխավորությամբ ու Պատգամավորական ժողովի և «Արարատ» միության դաշնակցական անդամների ընկերակցությամբ, պատի վրայով ներխուժել էին կուսակցությանը չենթարկվող, հայ մարզամշակութային «Սևան» մարզադաշտի տարածք, կտրել կողպեքները, վնասել ու փչացրել միության ունեցվածքը և մի քանի ժամ իրենց «գրավման» տակ պահել այն:
Մեկ օր անց իրավապահ մարմինների ներկայությամբ մարզադաշտն վերադարձվեց նրա պատասխանատուներին իսկ հուլիսի 18-ի առավոտյան «Սևան»-ի պատասխանատուները դեմ առ դեմ զրույցի նստեցին Թեմական խորհրդի հետ և սեղանի վրա դրին իրենց արդար պահանջները, որոնց ըստ երևույթի տեղի են տվել դաշնակցականները:
Եվ ի վերջո, ԻԻՀ Մշակույթի և առաջնորդության նախարարության Սպահան նահանգի փոքրամասնությունների գործերով զբաղվող գրասենյակի վարիչ Թաբաթաբաիի ներկայությամբ, Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի և «Սևան» միության պատասխանատուների միջև, ստորագրվել է վեց կետանոց համաձայնագիր, որում հստակեցված է.
1- «Սևան» միության ու նրա Վարչության ճանաչումը Թեմական խորհրդի կողմից և հետևաբար միության հովանավորելը,
2- Ֆուտբոլի դաշտը, որն այս պահին «Սևան» միության տրամադրության տակ է, ըստ փաստաթղթի պատկանում է Թեմական խորհրդին, ինչպես որ Թեմական խորհրդին է պատկանում նաև «Արարատ» միության կալվածը, հետրևաբար նրանց նկատմամբ վերաբերմունքը պետք է լինի նույնանման:
3- «Սևան» մարզադաշտի վերանորոգման ու վարչական տարածքի շինության (ժողովասրահ և այլն) հարցով պիտի զբաղվի Թեմական խորհուրդը,
4- Փոխադարձ համաձայնությամբ «Սևան» և «Արարատ» միությունները կարող են օգտվել միմիանց հնարավորություններից,
5- Թեմական խորհրդի կողմից, օրենքի համաձայն, բյուջե է տրամադրվելու «Սևան» միության և բնականաբար միության կողմից կատարվելու է հաշվետվություն,
6- Թեմական խորհրդի կողմից «Սևան» միության հատկացվելու է դրամական օժանդակություն և օգնություն նախկինի կատարված ծախսերի համաձայն:
Ըստ պայմանավորվածության համաձայնագիրը քննարկման է դրվելու Թեմական խորհրդի և Պատգամավորական ժողովի առաջին նիստում, որ հաստատվելուց հետո դառնալու է վերջնական:
Հիշեցնենք, կողմերի միջև համանման բովանդակությամբ նախնական համաձայնագիր էր ստորագրվել նաև սրանից երկուշաբաթ առաջ, որ ոտնահարվելով հուլիսի 16-ին, կազմակերպվեց «Սևան» մարզադաշտի վրա դաշնակցական արշավանքը:
Հուսանք ՍՀԹ Թեմական խորհուրդը այս անգամ կհարգի ժողովրդի իրավունքը և իր իսկ ստորագրությունը և չի ենթարկվի համայնքում լարվածություն առաջացնող դաշնակցության սադրիչ գործունեություններին: