Բաժիններ՝

«Կոռուպցիան դեռ շատ լուրջ խնդիր է մնում Հայաստանում». ՎԶԵԲ նախագահ

Անցած 20 տարիների ընթացքում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանում ներդրել է 1 մլրդ ԱՄՆ դոլար մոտ 120 նախագծերում: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՎԶԵԲ նախագահ Սումա Չակրաբարտին, ներդրումների 90%-ն իրականացվել է մասնավոր հատվածում, միջոցների կեսն ուղղված են եղել փոքր ու միջին ձեռնարկություններին:

Ս.Չակրաբարտին տեղեկացրեց, որ մինչև այս տարվա վերջ ՎԶԵԲ-ը նախատեսում է ՀՀ տնտեսությունում ներդնել 120 մլն դոլար, որը կրկին առավելապես կուղղվի ՓՄՁ-ների՝ տեղական արժույթով: Նա գոհունակությամբ ներկայացրեց, որ «Երևան ջուր» ընկերության հետ այսօր կնքել են 7 մլն դոլարի վարկավորման համաձայնագիր, իսկ Երևանի ջրամատակարարման բարելավման համար Եվրամիություն հատկացնելու է ևս 7 մլն դոլարի դրամաշնորհ. «Երևանում ջրի 80% կորուստը զարմանալի է: Այս ծրագրի շրջանակներում կնվազեցվեն կորուստները, կբարելավվի խմելու ջրի որակը, և արդյունքում՝ կբացառվի ապագայում ջրի սակագնի բարձրացումը»:

«Կոռուպցիան դեռ շատ լուրջ խնդիր է մնում Հայաստանում»,- հայտարարեց Ս.Չակրաբարտին՝ նշելով, որ Թրանսփարենսի ինթերնեյշնլ կազմակերպության կոռուպցիայի ընկալման համաթվով ՀՀ-ն 157-րդ տեղում է:

Բանկի նախագահը պատրաստակամություն հայտնեց աջակցել ՀՀ կառավարությանը՝ երկրում գործարար միջավայրի բարելավման, տեսչական բարեփոխումների իրականացման հարցում. «Ի հեճուկս գլոբալ տնտեսական ճգնաժամի՝ ես շատ դրական եմ վերաբերվում ՀՀ ապագային: Հայաստանն առաջընթաց է արձանագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի և ազատ առևտրի գոտու ստեղծման հարցերում: Հայաստանն ունի ամենակայուն բանկային համակարգը մեր գործընկեր երկրների շրջանում և առաջիկա տարիներին ՎԶԵԲ-ը շարունակելու է հուսալի գործընկեր մնալ ՀՀ-ի համար»:

Միաժամանակ Ս.Չակրաբարտին փաստեց, որ ՀՀ բանկային համակարգի վարկավորման տոոկսադրույքները շատ բարձր են, և նշեց, որ պետք է ուսումնասիրել, թե ինչու է այդպես: Ընդ որում՝ ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը հրաժարվեց  հրապարակել, թե Բանկն ինչ պայմաններով է գումարներ տրամադրում հայկական բանկերին՝ բիզնեսը ֆինանսավորելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս