Հայկ Ալումյան. Միակողմանի մոտեցումներ՝ հօգուտ Խաչատրյանների

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտակայքում տեղի ունեցած դեպքի առիթով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքը 5 բալանոց համակարգով 2 կարելի է գնահատել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գնդապետ Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

«Եթե չեմ սխալվում, ամսի 2-ով քրեական գործ հարուցվեց և այդ պահից սկսած մինչ այսօր պաշտոնատար անձանց կողմից արված բոլոր հայտարարությունների մեջ ես տեսնում եմ միայն միակողմանի մոտեցումներ: Ընդ որում, միակողմանի՝ հօգուտ Խաչատրյանների, պայմանական ասած՝ Բուդաղյանների դեմ: Եվ գիտեք ինչ՝ նախաքննությունն ընթանում է պարոն Կոստանյանի կողմից ի սկզբանե նախանշված ճանապարհով: Երբ պարոն Կոստանյանը դեռ տեղեկություններ չուներ և չէր կարող ունենալ գործի մանրամասների մասին, ինքը արդեն հեռու գնացող հայտարարություններ էր արել, նախանշել էր, փարոսի նման դրել էր ուղենիշ, թե ուր պիտի գնա նախաքննությունը: Ես հիմա տեսնում եմ, որ նախաքննությունը գնում է ճիշտ այդ ճանապարհով: Եթե ինչ-որ փաստեր այսօր նախաքննական մարմինը փորձում է հիմնավորել ստացված փորձագիտական եզրակացություներով և այլն, և այլն, շատ լավ: Եթե այդ փորձագտների եզրակացությունները հիմա են ստացվել, հիմա դուք ուզում եք ինչ-որ բան դրանով ապացուցեք, ապա ինչպե՞ս ստացվեց, որ պարոն Կոստանյանը հունիսի 6-ին արդեն հայտարարություններ էր անում, որոնց հավաստիությունը դեռ պիտի պարզվեր փորձաքննություններից հետո: Արդյոք ինքը չի՞ ուղղորդում ոչ միայն քննիչներին, այլև փորձաքննությունները: Սա է իմ շատ մեծ մտահոգությունը»:

Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ եթե կա մի կողմին օգնելու նպատակ, ապա կա երկու ճանապարհ. կա´մ նրա արարքի հետևանքները արհեստականորեն ավելի թեթև են ցույց տալիս, կա´մ արհեստականորեն ծանրացվում է մյուս կողմի մեղքը. «Տվյալ դեպքում առաջին տեխնոլոգիան չի կարող կիրառվել, որովհետև հետևանքները բոլորի համար պարզ են և այլևս անհերքելի, կա սպնություն և կա ծանր մարմնական վնասվածք: Այսօր նախաքննությունը գնում է երկրորդ տարբերակով»:

Հայկ Ալումյանի խոսքով՝ 4 օր առաջ ինքը միջնորդություն է ներկայացրել քննիչին՝ Արտակ Բուդղայանի նկատմամբ քրեական հետապնդումը վերացնելու վերաբերյալ:

Կարդացեք նաև

Նշենք, որ հուլիսի 9-ին Արտակ Բուդաղյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի առաջին մասով:

Միջնորդության մեջ Հ. Ալումյանը հղում է արել վերջերս ստացված փորձաքննությունների երակացությունների վրա, որոնք, ըստ նրա, «ակնհայտորեն վկայում են այդ հանցակազմի բացակայության մասին»:

Բուդաղյանների փաստաբանը նշեց նաև, որ միջադեպի չմոնտաժված տեսանյութն ունեն նախաքննության մարմինը, ինչպես նաև տեսանյութը մոնտաժողը: Իսկ եթե տեսանյութը մոնտաժողն ու բնօրինակը մոնտաժողին տրամադրողը տարբեր անձիք են, ապա այն ունի նաև մոնտաժողին բնօրինակը փոխանցած անձը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս