ԲՀԿ-ի մամուլի խոսնակը համաձայն չէ Հրաչյա Հարությունյանի դեմ կատարված գործողությունների «քաղաքականացման» հետ
«Մեր կուսակցության անունից խորին ցավակցություն եմ հայտնում բոլոր զոհվածների ընտանիքներին, տուժածների, վիրավորների մերձավորներին և հենց մեր հայրենակցին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը` խոսելով հունիսի 13-ին մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքի և Օզնոբիշինո բնակավայրի մոտ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին:
ԲՀԿ մամուլի խոսնակն անդրադարձավ նաև դեպքի առնչությամբ կալանավորված ՀՀ քաղաքացի, վարորդ Հրաչյա Հարությունյանի դեմ դատարանում կատարված նվաստացուցիչ գործողություններին:
«Նախ` շատ կարևոր է, որ բոլորը, այդ թվում` քննություն իրականացնող ռուսաստանյան մարմինները և այն բժիշկները, ովքեր այսօր հայ լրագրողների հարցին ի պատասխան ցինիկաբար իրենց թույլ են տվել ինչ-որ հեգնանքներ, հասկանան, որ տեղի է ունեցել դժբախտություն, որի մեջ նախևառաջ հայտնվել է մեր համերկրացին, այսինքն` նա ոչ թե չարամտորեն հանցագործություն է իրականացրել, այլ ինքն էլ հայտնվել է փորձանքի մեջ»,- նշեց Տիգրան Ուրիխանյանը:
«Անկախ նրանից, թե Հայաստանի Հանրապետության, թե որևէ այլ պետության քաղաքացի է, նույնիսկ հաշվի չառնելով վերոնշյալ հանգամանքը` պարզապես անհրաժեշտ էր ցուցաբերել պատշաճ վերաբերմունք` մարդկային նորմերի, էթիկայի, միջազգային օրենքների շրջանակներում: Եվ ես ակնկալում եմ, որ սխալը կուղղվի»,- ասաց Տ.Ուրիխանյանը` ավելացնելով, թե ակնկալում է, որ պատկան կառույցների ղեկավարները կհանդիմանեն և իրենց դժգոհությունը կհայտնեն այդ կապակցությամբ:
Հիշեցնենք, որ երեկ ԱԳՆ-ն տարածեց հաղորդագրություն այն մասին, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը մշտական կապի մեջ է Հրաչյա Հարությունյանի դատապաշտպանների հետ` վերջինիս հնարավոր օժանդակություն ցուցաբերելու համար, սակայն մինչ այս պահը չի հղել որևէ դիվանագիտական նոտա Ռուսաստանի Դաշնությանը` ՀՀ քաղաքացու դեմ կատարվածի վերաբերյալ: Արդյոք ճի՞շտ է ՀՀ արտաքին գործերի նախարարության նման կեցվածքը:
Այս հարցի վերաբերյալ Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ չի պատրաստվում որևէ կերպ քաղաքականացնել այս միջադեպը:
«Ես անձամբ գտնում եմ, որ հարցը հայ-ռուսական հարաբերությունների մեջ մտցնել կամ դրանով պայմանավորել կամ այս հարցով ազդեցություն գործադրել այդ հարաբերությունների վրա, չարժե, որովհետև վստահ եմ, որ Ռուսաստանի Դաշնությունը, համենայն դեպս, պաշտոնական ներկայացուցիչներ` ղեկավարություն, պաշտոնյաներ, գերատեսչություններ, կառույցներ, իրենց երբևէ չէին կարող թույլ տալ դրանով վերաբերմունք դրսևորել Հայաստանի Հանրապետության կամ հայ ժողովրդի նկատմամբ, վստահ եմ, որայդպես չէ, ուզում եմ հավատալ, որ այդպես չէ»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը:
Մենք հետաքրքրվեցինք, թե արդյոք կարելի՞ է եզրակացնել, թե Տիգրան Ուրիխանյանը ինչ-որ կերպ համամիտ է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հայտարարության հետ, ըստ որի` ի պաշտպանություն Հրաչյա Հարությունյանի կազմակերպված բողոքի ցույցերը նպատակ ունեն մարդկային մեծ ողբերգությունը ծառայեցնել նեղ քաղաքական նպատակներին և վտանգել ռուս-հայկական հարաբերությունների:
«Ո´չ, ոչ մի զուգահեռ պետք չէ անցկացնել իմ ասածի և Ռուսաստանի Դաշնության հայտարարության հետ: Ես հայտնեցի իմ կարծիքը, որ սա պիտի ազդեցություն չունենա հարաբերությունների վրա: Այսպես ասեմ` ինչ-որ բժիշկներ, ինչ-որ ոստիկաններ ` մարդկայնությունից հեռու, կամ այլ անձինք չեն կարող սեպ խրել հայ-ռուսական հարաբերությունների մեջ: Եթե նրանց գործողություններն առաջացրել են նման իրավիճակ, ուրեմն նրանք պիտի համապատասխան հանդիմանություն ստանան իրենց ղեկավարության կողմից»,- ի պատասխան նշեց ԲՀԿ մամուլի խոսնակը: