
Ձկնաբույծները խնդրում են կառավարությանը բազմաբնույթ մոտեցում ցուցաբերել

Ձկնաբույծների միությունը նամակ է նախապատրաստում ՀՀ կառավարությանը, որ ջրի խնայողության միջոցների կիրառման հետ կապված «բազմաբնույթ մոտեցում» ցուցաբերվի: Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց միության նախագահ Արթուր Աթոյանը:
Կառավարության նախորդ նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել էր Արարատյան դաշտավայրում ստեղծված շատ լարված իրավիճակին, որ համայնքները զրկվում են և խմելու ջրից և ոռոգման ջրից այն պատճառով, որ խորքային ջրերի մակարդակը նվազում է: Խոսքը խորքային հորերի մասին է, որոնք անօրինական ձևով են իրականացվել, և այսօր ջրի մեծ գերածախս կա: Անօրինական հորերը շուրջ 700 են:
Ա.Աթոյանը դժվարացավ պատասխանել, թե անօրինական հորերն ում են պատկանում, միայն նշեց, որ անօրինական գործող հորերի շարքում կան այնպիսինները, որոնք դեռ խորհրդային տարիներից են, և նույնիսկ սեփականատեր չունեն, ու ջուրն առանց հսկողության անընդհատ հոսում է:
«Այսօր ձկնաբուծության խնդիրներն ավելի բարդ վիճակում են»,- նշեց Աթոյանը՝ հուսալով, որ կառավարությունը կարձագանքի իրենց նամակին ու աջակցություն կցուցաբերի: