Հայաստանը շահագրգռված է պաշտպանական ոլորտում Վրաստանի հետ համագործակցության խորացմամբ. Սեյրան Օհանյան

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Հայաստանը շահագրգռված է պաշտպանական ոլորտում Վրաստանի հետ համագործակցության խորացմամբ: Այս մասին Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի հետ հանդիպումից հետո կազմակերպված համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը.

«Առաջին հերթին ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել իմ ընկերոջը, ով ինձ պաշտոնական այցով հրավիրեց Վրաստան: Այսօրվա բանակցություններում մենք քննարկել ենք տարածաշրջանային անվտանգության հարցեր, որոնք առնչվում են Հարավային Կովկասին:

Մենք գնահատական ենք տվել Հայաստանի ու Վրաստանի միջև համագործակցությանը, ինչպես նաև պաշտպանական ոլորտում հետագա համագործակցության ուղիներին: Մենք մեծ կարևորություն ենք տալիս Վրաստանի հետ հարաբերություններին, քանի որ մեր երկներին կապում է պատմական, բազմադարյա բարեկամությունը:

Կարծում եմ, որ այդ հիմքը մեզ կտա որոշակի ազդակ պաշտպանական ոլորտում մեր հարաբերությունների զարգացման մեջ: 2011 թվականից պաշտպանական ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությունը զարգանում է մշակված պլանով, որը նախատեսում է փորձի փոխանակում զինծառայողների նախապատրաստման և ռազմական կրթության ոլորտներում:

Կարծում եմ, որ այսօրինակ այցերը որոշակի ազդակ են հաղորդում և ստեղծում են լավ մթնոլորտ համագործակցության հետագա խորացման համար: Հայաստանը շահագրգռված է, որ Վրաստանը լինի խաղաղ, զարգացած, կայուն երկիր, և չեմ կասկածում, որ մեր երկրների միջև գոյություն ունեցող բազմադարյա բարեկամությունը հիմք կծառայի հետագայում մեր համատեղ զարգացման համար»:

Տեսանյութեր

Լրահոս