Բաժիններ՝

Փուչիկ վաճառող «երեխան», պարզվում է, 25 տարեկան է

«1in.am» կայքը տեղեկություն էր հրապարակել, որում ասվում էր, թե Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկման վարչության պետ Արման Եդոյանը Հանրապետության հրապարկում ծեծել է փուչիկներ վաճառող մի երեխայի: Երեխան ուշաթափվել է, նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Թերթի տեղեկություններով երեխան երկկողմանի ծնողազուրկ է:

Հաղորդվում էր նաև, որ Արման Եդոյանը բերման է ենթարկել Ոստիկանության կենտրոնական բաժին:

Եղելությունը պարզելու նպատակով «Փաստինֆոն» դիմել է Երևանի քաղաքապետարանի և Ոստիկանության լրատվության պատասխանատուներին: Առաջինը, ինչ ասվեց մեր հարցին ի պատասխան երկու պետական կառույցներում էլ, այն էր, որ «երեխան» իրականում 25 տարեկան երիտասարդ է եղել:

Այդուհանդերձ, կայքի զրուցակիցները չեն ժխտել, որ երեկ Հանրապետության հրապարակում փուչիկ վաճառող այս երիտասարդի և քաղաքապետարանի առևտրի և սպասարկման վարչության պետ Արման Եդոյանի միջեև ինչ-որ միջադեպ եղել է:

Եվ այսպես, ըստ քաղաքապատարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանի. «Տվյալ քաղաքացին, հերթական անգամ խախտելով Երևան քաղաքի ավագանու որոշումը՝ բացօթյա ապօրինի առևտրի իրականացման արգելքի պահով, շարունակում է կատարել ապօրինի գործունեություն: Համապատասխան օղակի աշխատակիցները վարչության պետի գլխավորությամբ հերթական անգամ նախազգուշացնում են, որ արգելված է իրականացնել բացօթյա ապօրինի առևտուր: Տվյալ քաղաքացին փորձել է բեմականացնել, իբրև թե իրեն խփեցին: Արդյունքում բոլորը տեղափոխվել են Ոստիկանություն, որտեղ յուրաքանչյուրը իր մասով տվել է ցուցմունք, պարզաբանում»:

«Փաստինֆո»-ի հարցին, թե, փաստորեն, ճի՞շտ են տեղեկությունները, որ քաղաքապետարանի պաշտոնյան էլ է բերման ենթարկվել Ոստիկանություն, Արթուր Գևորգյանը պատասխանեց. «Վարչության պետն ինքն է գնացել: Իմանալով, որ նման մարդիկ կան, որ նախապես փորձելու են շահարկել, մարդու անվան հետ խաղալ, բնականաբար, պարզ չէ՞, որ պիտի գնար: Ինքը անձանբ է գնացել, իրեն չեն  հրավիրել, տեղում այդ ամենը պարզաբանվել է»:

Ինչ վերաբերում է փուչիկ վաճառող երիտասարդին հիվանդանոց տեղափոխելուն, Արթուր Գեւորգյանը նշեց, որ այս հարցի հետ կապված իրենք նույնպես հարցումներ են արել եւ ահա թե ինչ են պարզել. «Տվյալ քաղաքացուն, քանի որ պնդել է, որ ինքն իրեն շատ վատ է զգում, տարել են «Էրեբունի»  բժշկական կենտրոն: Համապատասխան հետազոտություններից հետո գացել է տուն: Մենք ճշտել ենք, որ նրա մարմնի վրա բռնության հետքեր բժշկական կենտրոնում չեն հայտաբերել»:

Այդուհանդերձ, Ոստիկանությունում երիտասարդին դատաբժշկական ուղեգիր են տվել:

Ոստիկանությունից  «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ միջադեպի մասնակիցները, այդ թվում և 1988թ. ծնված «երեխան» իրոք բերման են ենթարկվել Ոստիկանության բաժին: Այս պահին գործը հետաքննության փուլում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս