Քաղաքապետարանի առևտրի վարչության պետը Հանրապետության հրապարակում ծեծել է փուչիկ վաճառող երեխայի
1in.am կայքի տվյալներով՝ Երևանի քաղաքապետարանի առևտրի վարչության պետ Արման Եդոյանը Հանրապետության հրապարկում ծեծել է փուչիկներ վաճառող երեխայի: Երեխան ուշաթափվել է ու ընկել. նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Միջադեպից հետո, երբ առևտրականները աղմուկ են բարձրացրել ոստիկանները մոտեցել են նրանց և իմանալով, որ Արման Եդորյանն է խփել երեխային՝ վերջինիս բերման են ենթարկել Ոստիկանության կենտրոնական բաժին:
Նշվում է, որ փուչիկ վաճառող երեխան երկկողմանի ծնողազուրկ է:
Ֆեյսբուքի օգտատեր Նուշիկ Միքայելյանն այս դեպքի կապակցությամբ իր էջում գրել է. «Ակամա դեպքի վայրում էի, երբ փուչիկ վաճառող երեխային հանրապետության հրապարակի շատրվանների մոտից շտապ օգնության մեքենան փոխադրեց հիվանդանոց: Երեխան արյունոտված էր քաղաքապետարանի առևտրի վարչության պետի կողմից հարված ստանալու պատճառով: Ֆիզիկական ուժը երեխայի վրա բանեցնող այս պաշտոնյա «տղամարդը», ով կես գիշերին արևի ակնոցներ էր կրում (սա էլ է շատ բան ասում մարդու տիպի մասին), իր պաշտոնից ելնելով ԾԵԾԵԼՈՎ օրենք էր սովորեցնում փուչիկ վաճառող ծնողազուրկ ու հիվանդ երեխային, որովհետև իբր ըստ ՀՀ օրենքի, փուչիկ վաճառելն արգելվում է փողոցում: Սրանից ավելի սարսափելին այն էր, որ դեպքից րոպեներ անց, երբ հրապարակում հավաքված մի խումբ առևտրականներ ու ՀՀ քաղաքացիներ զայրույթի ու բողոքի ձայն էին բարձրացնում ու վազում առևտրի վարչության պետի ետևից, ոստիկանական մեքենայի մոտ կանգնած վարչության պետը, լայն ժպիտը դեմքին իբր կարևոր մի հարցի շուրջ էր զրուցում բջջային իր հեռախոսով, որից հետո, երբ նրան հարձակումի ենթարկեցին զայրացած քաղաքացիները, նա նստելով ոստիկանության մեքենան, հրապարակում բարձրացած բողոքի ալիքի «տակից դուրս եկավ» ու չքվեց….Ուրեմն Հայաստանի հանրապետությունում օրենքն արդեն այնքան է գերակա դարձել, որ օրվա հացը վաստակել փորձող փուչիկ վաճառող երեխային կարելի է ծեծի ենթարկել օրենք խախտելու համար…Իսկ արդյոք կարելի՞ է ծեծի ենթարկող հաղթանդամ այդ պաշտոնյային նույնպես հրապարակի կենտրոնում, ժողովրդի աչքի առաջ ծեծի ենթարկել, երեխաների պաշտպանության իրավունքը ոտնահարելու համար…Ինձ թվում է մի օր մեր ժողովուրդի համբերության երակը պիտի պայթի, ու այսպիսիներին պիտի սկսեն անգամ քարկոծել փողոցում…Մի գուցե այդպիսով մեր երկրի մթնոլորտը մաքրվի՞ կեսգիշերին արևային ակնոց կրող լայն ժպիտով երեխա ծեծող պաշտոնյաների՞ց………….»