
Թուրքիան պետք է ավելի ակտիվ լինի TANAP գազատարի նախագծի իրագործման հարցում. Մամեդյարով

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում իր թուրք գործընկեր Ահմեթ Դավութօղլուի հետ հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան պետք է ավելի ակտիվ լինի «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) նախագծի իրագործման հարցում:
Մամեդյարովը հավելել է, որ Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը պայմանավորվել են «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգծի կառուցման գործընթացն արագացնելու շուրջ:
Դավութօղլուն իր հերթին հայտարարել է, որ երկու երկրներն ունեն համագործակցության մեծ պլաններ՝ ընդգծելով, որ արդեն իսկ առկա են այդպիսի համագործակցության գործնական արդյունքներ:
Դավութօղլուն հիշեցրել է, որ նոյեմբերին Բաքվում տեղի է ունենալու Թուրք-ադրբեջանական ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի հերթական նիստը:
Դավութօղլուն նաև շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ կապված 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերը Ստամբուլում հյուրընկալելու թուրքական հայտին ցուցաբերած աջակցության հետ: