
Մենք աջակցում ենք Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև հանդիպում անցկացնելու գաղափարը. Մամեդյարով

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի և Ահմեթ Դավութօղլուի հանդիպումը:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հարցը, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Մամեդյարովը հայտարարել է, որ մշտական կապի մեջ է իր թուրք գործընկերոջ հետ:
Մամեդյարովը հավելել է, որ հանդիպման ժամանակ Դավութօղլուին իրազեկել է Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման մասին: Մամեդյարովի խոսքերով՝ ադրբեջանական կողմն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև հանդիպում անցկացնելու գաղափարը:
Դավութօղլուն իր հերթին հայտարարել է, որ Հարավային Կովկասում խաղաղություն ու կայունություն հաստատելու համար «անհրաժեշտ է ադրբեջանական տարածքների ազատում»:
Հիշեցնենք, որ Դավութօղլուն մեկօրյա այցով Ադրբեջան է ժամանել երեկ: