«Հարսնաքարի» գործով կհարցաքննեն բժշկին

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Հարսնաքարի» գործով դատական նիստը: Դատարան չէին ներկայացել գործով մեղադրող Արթուր Դավթյանն ու Արմեն Մարուխյանը, ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանը, իսկ գործով ամբաստանյալ Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանը եկել էր դատարան, հետո հեռացել: Գործով դատավոր Դավիթ Հարությունյանն ասաց, որ մեղադրող Ա. Դավթյանն ու պաշտպան Մ. Թովմասյանը դատարանին տեղեկացրել էին, որ ուշացումով են ներկայանալու նիստին:

Գործով ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանն էլ հայտնեց, որ ինքը քիչ առաջ պայմանագիր է կնքել ամբաստանյալ Արման Բաղդասարյանի հարազատների հետ և պաշտպան Մ. Պողոսյանի բացակայության ընթացքում ինքը կարող է իրականացնել ամբաստանյալի պաշտպանությունը:

Դատավոր Դավիթ Հարությունյանը հայտարարեց 30 րոպե ընդմիջում՝ մինչև ներկայանան մեղադրողն ու ամբաստանյալի պաշտպանը: Իսկ Երեմ Սարգսյանի՝ ամբաստանյալ Արման Բաղդասարյանի շահերը պաշտպանելու հարցը կքննարկվի ընդմիջման ավարտից հետո: Դատական այս նիստի ընթացքում նախատեսվում է հարցաքննել բժիշկ Արման Հակոբյանին:

Տեսանյութեր

Լրահոս