Հրաչյա Հարությունյանի դուստր. Ինձ համար միևնույն է՝ նրան ինչ վիճակում են բերել, մենք մարդ ենք, ես դա գիտեմ ու արժանի չենք նման վերաբերմունքի

Նոր Մոսկվայում ձերբակալված 46-ամյա ՀՀ քաղաքացի Հրաչյա  Հարությունյանի հարազատները, ովքեր բնակվում են Երևանի Շենգավիթ վարչական շրջանում, դեպքից հետո հնարավորություն չեն ունեցել խոսել Հրաչյա Հարությունյանի հետ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հրաչյա Հարությունյանի դուստրը` Լիլիթ Հարությունյանը:

Վերջինս նշեց, որ իրենց չեն թույլատրում խոսել նրա հետ, իսկ ռուսաստանաբնակ իրենց բարեկամնները կապ են հաստատում Հ. Հարությունյանի պաշտպանի հետ ու վերջինիս միջոցով տեղեկանում նորություններին:

Մեզ հետ զրույցում Լիլիթն ասաց, որ դեպքի մասին իրենք իմացել է Ռուսաստանում բնակվող իրենց հարազատներից մեկից, ով անմիջապես զանգահարել է իրենց. «Սկզբից զանգեցին ու ասացին, որ ահավոր վատ ա, որ օգնություն է պետք, որ հիվանդանոցում ա և պետք է մեկը մեկնի, որ իրեն պահի: Հետո պարզվեց, որ այնքան էլ սարսափելի վիճակում չի, որ ամեն ինչ, փառք աստծո, նորմալ ա: Ասում են, որ ինքն էլ ա վիրավորվել… բայց թե ճիշ՞տ ա դա, թե՞ սխալ, հստակ տեղեկություն չունենք: Ոչինչ չգիտենք»,- ասաց Լիլիթը:

Դեպքի հետ կապված զարգացումներին, Լիլիթի խոսքով, իրենք տեղեկանում են ինտերնետի միջոցով՝ կայքերի լրահոսին են հետևում, որովհետև հնարավորություն չունեն կապ հաստատելու անգամ պաշտպանի հետ: Իսկ տանը, Հրաչյա Հարությանի դստեր գնահատմամբ, «ահավոր» վիճակ է:

«Երեք օր է տանից լրագրողները, հարևանները, բարեկամները դուրս չեն գալիս: Չկա մարդու իրավուքնների պաշտպան, որ կարողանա պաշտպանել պապայիս: Ինձ համար միևնույն է, թե նրան ինչ վիճակում են բերել (նկատի ունի՝ դատարանի դահլիճ խալաթով բերելու փաստը:- Տ.Մ.), մենք մարդ ենք, ես դա գիտեմ ու արժանի չենք նման վերաբերմունքի: Այն մարդը, ով ծառայել է նման երկրում, մասնակցել է կամավոր պատերազմի, կռվել հայրենիքի համար, նման երկրի ղեկավարի համար, որը հիմա հանգիստ իրա համար նստած է իրա տան մեջ, արժանի չի ոչ մի բանի»,- անկեղծացավ նա:

Լիլիթ Հարությունյանը հաստատեց, որ երեք ամիս առաջ մահացել է իր եղբայրը, և որ հայրը Մոսկվա էր մեկնել եղբոր գերեզման սարքելու համար գումար վաստակելու նպատակով: «Այդ վթարը զուտ պատահականություն է եղել: Իմ հայրը չէր կարող նման բան անել: Ո՞նց կարող ա հատուկ արված լինի դա, ո՞նց են մարդիկ այդպես մտածում: Ո՞նց կարող ա մի մարդ նման բան անի, երբ հանուն հայրենիքի սեփական կյանքը կարող էր տալ»,- նշեց Հրաչյա Հարությունյանի դուստրը:

Հիշեցնենք, որ Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը մեղադրվում է «երթևեկության կանոնները խախտելու մեջ, ինչը հանգեցրել է երկու և ավելի մարդկանց մահվան»։ Հուլիսի 13-ին Պոդոլսկ քաղաքից ոչ հեռու գտնվող Օզնոբիխինո գյուղի մոտ Հարությունյանի վարած «Կամազը» չէր արգելակել և բախվել էր «Լիազ» մակնիշի ուղևորատար ավտոբուսին: Վթարի հետևանքով 18 մարդ զոհվել է: Հարությունյանը այժմ կալանավորված է: Նա հուլիսի 15-ին նվաստացուցիչ տեսքով, մասնավորապես՝ կանացի խալաթով էր բերման ենթարկվել դատարան:

Տեսանյութեր

Լրահոս