«Սա մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է». Լարիսա Ալավերդյանը՝ Հրաչյա Հարությանին կանացի խալաթով դատարան բերելու մասին

«Հանրային, հրապարակային որևէ գործընթացի մեջ յուրաքանչյուր մարդ արժանապատվությունը չնսեմացնող տեսքով պետք է ներկայանա»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն` անդրադառնալով Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հրաչյա Հարությունյանի հետ տեղի ունեցած միջադեպին, որին Ռուսաստանի Դաշնությունում մեղադրանք առաջադրելուց հետո հուլիսի 15-ին նվաստացուցիչ տեսքով` կանացի խալաթով,  բերման են ենթարկվել դատարան:

«Յուրաքանչյուր մարդու պետք է հնարավորություն տրվի արժանապատիվ հանդես գալու: Եթե անգամ Հրաչյա Հարությունյանը հագուստ չուներ, ինչ-ինչ պատճառներով այն բացակայում էր, դատարանը պետք է պատշաճ հագուստ տրամադրեր նրան: Անկախ նրանից, թե որտեղ, ինչպես, հրապարակային գործընթացը, այդ թվում` դատական պրոցեսը, պետք է մարդուն տա հնարավորություն, տրամադրի օժանդակ օգնություն, որ նա հանդես գա այն տեսքով, որը մարդկային արժանապատվությունը չի նսեմացնի»,- նշեց Լարիսա Ալավերդյանը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հարցերով լիազոր Վլադիմիր Լուկինին ուղղված Կարեն Անդրիասյանի պաշտոնական դիմումին, ով խնդրել է ուսումնասիրել Հ. Հարությունյանի նկատմամբ «նվաստացնող վերաբերմունքի ու վերջինիս` նման տեսքով դատարան բերման ենթարկելու պատճառները», Լարիսա Ալավերդյանը նկատեց, որ պահանջը բավարար չէ: Ըստ նրա` պետք է ոչ միայն պատճառները վերհանել, այլև հստակեցնել, որ նման տեսքով, մարդու իրավունքների տեսանկյունից, արգելվում է մարդուն ընդգրկել հրապարակային գործընթացի մեջ: «Սա մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է: Մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկեն»,- ասաց նա:

Մեր հարցին, թե հնարավորություն կա՞ Հ. Հարությունյանի դատավարությունն անցկացնել Հայաստանում` հաշվի առնելով, որ նա ՀՀ քաղաքացի է, մարդու իրավուքնների նախկին պաշտպանն ասաց, թե ամեն ինչ կախված է Հայաստան-Ռուսաստան պայմանավորվածություններից. «Քանի որ հարցը մարդկային կյանքից զրկելու հետ է կապված, Ռուսաստանը կարող է պնդել, որ դատը պետք է իրենց մոտ տեղի ունենա: Բայց Հարությունյանը կարող է պատիժը կրել նաև Հայաստանում` սա կկոչվի դատապարտյալի տեղափոխում: Եվ որքան ես գիտեմ, ՀՀ-ՌԴ նման պայմանագիր կա: Համենայնդեպս, տարիներ առաջ, նման օրինակ տեղի ունեցել է»:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանի վարած «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել էր ավտոբուսին, որի արդյունքում 18 մարդ էր զոհվել և մի քանի տասնյակ մարդ տեղափոխվել էին Մոսկվայի հիվանդանոցներ, նրանցից շատերի վիճակը ծայրահեղ ծանր է: Ավտովթարի մեջ մեղադրվող ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին կանացի խալաթով էին տարել Տվերսկի դատարան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս