Իզմիրում գրանցվել է «Գեզի» այգու հետ կապված ձերբակալությունների չորրորդ ալիքը
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Իզմիրում գրանցվել է Ստամբուլի «Գեզի» այգու հետ կապված ձերբակալությունների 4-րդ ալիքը, որի ժամանակ Իզմիրի ոստիկանության Ահաբեկչության դեմ պայքարի բաժանմունքի աշխատակիցները միաժամանակ այցելել են 16 տարբեր հասցեներ և ձերբակալել են 15 մարդու:
Նրանցից 11-ն առնվել են կալանքի տակ, մնացյալ 4-ը դատարանի որոշմամբ ազատ են արձակվել: Բացի այդ, նրանց հասցեներից առգրավվել են մեծ քանակությամբ փաստաթղթեր, խտասկավառակներ, համակարգիչներ և այլն: «Գեզի» այգու հետ կապված՝ Իզմիրում տեղի ունեցած ձերբակալությունների նախկին երեք ալիքների շրջանակներում ձերբակալվել է 42 մարդ, որոնցից կալանավորվել են 37-ը:
Ստամբուլի ոստիկանության Ահաբեկչության դեմ պայքարի բաժանմունքի աշխատակիցներն այսօր առավոտյան իրենց հերթին այցելել են 100 հասցեներ և ձերբակալել են 30 մարդու, որոնք մասնակցել են «Գեզի» այգու համար անցկացված ցույցերին: