ՄԱԿ ԱԽ-ի փորձագետները չեն կարողացել միասնական կարծիքի գալ Իրանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման հարցում

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ ԱԽ-ի փորձագետներին չի հաջողվել միասնական կարծիքի գալ այն հարցում, որ իրանական «Շահաբ 1» և «Շահաբ 3» հրթիռների արձակումը, ինչն իրականացվել է 2012 թվականին անցկացված «Մեծ մարգարե 7» զորավարժությունների ժամանակ, խախտում է ՄԱԿ ԱԽ-ի համապատասխան պատժամիջոցները:

2010 թվականին ՄԱԿ ԱԽ-ի ընդունած թիվ 1929 բանաձևը սահմանել է, որ Իրանը չի ձեռնարկելու բալիստիկ հրթիռների հետ կապված որևէ գործունեություն, որոնք ունակ են հասցնել միջուկային զենք՝ ներառյալ բալիստիկ հրթիռային տեխնոլոգիաների կիրառմամբ արձակումները:

ՄԱԿ ԱԽ-ի փորձագետների մի մասը կարծում է, որ իրանական վերոնշյալ հրթիռների արձակումը նշանակում է տվյալ բանաձևի խախտում: Սակայն փորձագետների մյուս խումբը չի կիսել այդ կարծիքը:

Չինական պատվիրակությունն ընդգծել է, որ Իրանի դեմ հետագա պատժամիջոցները միայն կբարդացնեն խնդրի լուծումը, և որ անհրաժեշտ է տվյալ ուղղությամբ գործադրել դիվանագիտական ջանքեր: Ռուսական կողմը նույնպես դեմ է հանդես եկել պատժամիջոցներին:

Տեսանյութեր

Լրահոս