Թուրքիայում բացվել է նահատակված PKK-ականների գերեզմանատուն (տեսանյութ)
Թուրքական Asker Haber կայքի փոխանցմամբ՝ Դիարբեքիրի նահանգի Լիջե շրջանի Յոլչաթը գյուղի մոտ բացվել է «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) գերեզմանատուն: Վերջինիս կառուցման աշխատանքները մեկնարկել են մոտ երկու ամիս առաջ:
Այդ գերեզմանատանը հուղարկավորված է 170 PKK-ական: Գերեզմանատան բացման արարողակարգին մասնակցել է մոտ 5000 մարդ, այդ թվում նաև քրդական «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) ներկայացուցիչներ: Գերեզմանատունը ստացել է «PKK-ի նահատակների գերեզմանատուն» անունը:
Հիշեցնենք, որ PKK-ի զինյալները Թուրքիայի տարածքը լքելու գործընթացը սկսել են մայիսի 8-ին: Ի դեպ, դեռևս 2011 թվականի աշնանը Թուրքիայում Մարդու իրավունքների միության Դիարբեքիրի մասնաճյուղը զեկույց էր պատրաստել Թուրքիայում զանգվածային (եղբայրական) գերեզմանոցների հայտնաբերման վերաբերյալ:
Ըստ զեկույցի՝ Թուրքիայում հայտնաբերվել է 253 զանգվածային գերեզմանոց, որոնցում գտնվել է 3248 դիակ։ Այդ գերեզմանոցների առկայության հավանական պատճառը մոտ երեսնամյա պատերազմն է, որը մղվում է թուրքական իշխանությունների և քրդերի միջև, որի ընթացքում զոհվել է 40.000 մարդ, որոնց մի մասը թաղվել է զանգվածային գերեզմանոցներում։
Ընդ որում՝ դա վերաբերում է թե՛ զինվորականներին, թե՛ քաղաքացիական անձանց։ Կազմակերպությունը կազմել է զանգվածային գերեզմանոցների քարտեզը, որից հստակ երևում է, որ դրանք գտնվում են քրդաբնակ վայրերում.
Դիարբեքիրում հայտնաբերվել է նմանատիպ 30 գերեզմանոց, որոնցում գտնվել է 298 դիակ, Սիիրթում (Սղերթ)՝ 36 գերեզմանոց և 376 դիակ, Բիթլիսում՝ 35 գերեզմանոց և 485 դիակ, Հաքքարիում՝ 35 գերեզմանոց և 347 դիակ, Բինգյոլում՝ 33 գերեզմանոց և 468 դիակ, Վանում՝ 18 գերեզմանոց և 257 դիակ, Շըրնաքում՝ 14 գերեզմանոց և 204 դիակ, Բաթմանում՝ 11 գերեզմանոց և 198 դիակ, Մարդինում՝ 14 գերեզմանոց և 98 դիակ, Թունջելիում (Դերսիմ)՝ 5 գերեզմանոց և 259 դիակ, Էլյազըղում՝ 3 գերեզմանոց և 55 դիակ, Աղրըում (Արարատ)՝ 2 գերեզմանոց և 53 դիակ, Իգդիրում՝ 1 գերեզմանոց և 14 դիակ, Արդահանում՝ 1 գերեզմանոց և 19 դիակ, Կարսում՝ 1 գերեզմանոց և 7 դիակ, Ադըյամանում՝ 1 գերեզմանոց և 17 դիակ, Մալաթիայում՝ 1 գերեզմանոց և 5 դիակ, Գազիանթեփում՝ 1 գերեզմանոց և 10 դիակ, Հաթայում՝ 1 գերեզմանոց և 8 դիակ, Շանլըուրֆայում՝ 2 գերեզմանոց և 16 դիակ: