Լաթաքիայում ռուսական հրթիռների պահեստը ոչնչացրել է իսրայելական «Դելֆինը». Sunday Times
Բրիտանական Sunday Times թերթի փոխանցմամբ՝ Լաթաքիայում գտնվող Яхонт հականավային հրթիռների պահեստը ոչնչացվել է իսրայելական «Դելֆին» դասի սուզանավից արձակված հրթիռային հարվածի արդյունքում:
Թերթի պնդմամբ՝ Իսրայելն առաջին անգամ է օգտագործել սուզանավ՝ Սիրիայի տարածքում գտնվող թիրախին հարվածելու համար: Թերթը վստահեցնում է, որ տվյալ պահեստում գտնվել է ռուսական արտադրության Яхонт (P-800) տիպի 50 հրթիռ:
Նախորդ շաբաթ CNN հեռուստաալիքն էր հայտնել, որ Իսրայելը հուլիսի 5-ին Լաթաքիայում ոչնչացրել է ռուսական հրթիռներով պահեստը: Այդ հրթիռների հեռահարությունը կազմում է մինչև 300 կիլոմետր: Իսրայելը ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է այդ տեղեկատվությունը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի կողմից Սիրիային Яхонт հականավային հրթիռների հատկացման մասին ամերիկյան The New York Times թերթը հայտնել էր դեռևս մայիսի կեսերին:
Սիրիան իր առափնյա պաշտպանության ուժեղացման համար Ռուսաստանին Яхонт տիպի հրթիռներ է պատվիրել դեռևս 2007 թվականին և առաջին մարտկոցները ստացել է 2011 թվականին: Այս հրթիռը ստեղծվել է «սթելս» (անտեսանելի) տեխնոլոգիայով և գործում է «կրակել-մոռանալ» սկզբունքով: Ամերիկյան թերթը հիշեցնում է, որ այդ մարտկոցները շարժական են, ինչն էլ ավելի է բարդացնում դրանց ոչնչացումը: