
Որևէ մեկն իրավունք չունի Թուրքիայից հող պահանջելու. Թուրքիայի ԱԳՆ-ը՝ Աղվան Հովսեփյանին

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի այն հայտարարությունը, թե 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի սերունդները պետք է ստանան նյութական փոխհատուցում, Հայ առաքելական եկեղեցուն պետք է վերադարձվեն հրաշքով կանգուն մնացած վանքերը և եկեղեցապատկան հողերը, իսկ Հայաստանը պետք է վերադարձնի իր կորցրած տարածքները:
Թուրքիայի ԱԳՆ-ը ցասումով է ընդունել Հովսեփյանի այդ խոսքերը: Թուրքիայի ԱԳՆ-ի կայքում նշված է. «Հայաստանի այդ դիրքորոշումը հակասում է երկրի պարտականություններին, որոնք նա ստանձնել է ՄԱԿ-ի ու ԵԱՀԿ-ի գլխավորած միջազգային կառույցների առջև:
Նման հեղինակավոր պաշտոն զբաղեցնող անձի հայտարարությունն արտացոլում է Հայաստանի իշխող շրջանակների դիրքորոշումը: Ոչ ոք իրավունք չունի Թուրքիայից հողեր պահանջել»:
Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Լևենթ Գյումրուքչուն իր հերթին հայտարարել է. «Այն փաստը, որ նման հայտարարություն է անում այդպիսի բարձր պաշտոն զբաղեցնող չինովնիկը, ինչպիսին որ գլխավոր դատախազն է, արտացոլում է Հայաստանի խնդրահարույց մտածելակերպը հայ-թուրքական հարաբերությունների ու Թուրքիայի հարևան տարածքային ամբողջականության վերաբերյալ»: