Ռուսաստանը շարունակում է անազնիվ հաշտարարի դերակատարությունը
Ռուսական զենքն ու ղարաբաղյան հիմնահարցը
«Իհարկե, այն ուներ քաղաքական նպատակ, փաստն այն է, որ մենք բոլորս էլ գիտենք, թե ինչպես է Ադրբեջանը սպառազինվում վերջին 5-6 տարիներին»,- մեզ հետ զրույցում ասաց Լոնդոնի «Չեթհեմ հաուս» («Chatham House») հետազոտական կենտրոնի (Արտաքին գործերի թագավորական ինստիտուտ) Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավար և գիտաշխատող Ջեյմս Նիքսին` ի պատասխան հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնության կողմից Ադրբեջանին մոտ 1 մլրդ դոլար արժողությամբ զինտեխնիկայի վաճառքը հետապնդո՞ւմ էր քաղաքական նպատակ, թե՞ ոչ:
Փորձագետը գտնում է, որ ռուս-ադրբեջանական ռազմական գործարքով առաջին հերթին` քաղաքական նպատակներ էր հետապնդում Ադրբեջանը, որը ձգտում է ռազմական գերակայության հասնել Հայաստանի նկատմամբ:
Բայց, ըստ նրա, քաղաքական նպատակ ունի նաև Ռուսաստանը: «Իսկ Ռուսաստանի քաղաքական նպատակն անազնիվ հաշտարարի դերակատարությունը շարունակելն է, շարունակել կախյալ հարաբերությունները և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, ոչ թե բարեկամությունը, քանի որ Ռուսաստանը չունի բարեկամներ»,- ասաց նա:
«Իրականությունն այն է, որ Ռուսաստանը, համենայն դեպս` հրապարակայնորեն, այլևս չի բռնում հակամարտող երկու երկրներից մեկի կողմը: Ռուսաստանը համարվում է Հայաստանի անվտանգության հիմնական երաշխավորը, բայց նույնիսկ ՀԱՊԿ-ն չի ապահովում Հայաստանին ռազմական ներխուժումից կամ նոր պատերազմից: Ուստի, կարծում եմ` Հայաստանի կողմից շատ անխոհեմ կլինի հավատալ, թե ունի Ռուսաստանի աջակցությունը»,- նշեց Նիքսին: Վերջինս կարծում է, որ Ադրբեջանը էներգետիկ ռեսուրսների և տնտեսական հզորության շնորհիվ ավելի կարևոր է Ռուսաստանի համար, քան Հայաստանը:
«Այո՛, Հայաստանում կան կոնկրետ արդյունաբերական կենտրոններ, որոնք տնօրինում են ռուսաստանցիները, բայց Ադրբեջանն ավելի ակտիվ միջազգային խաղացող է, քան Հայաստանը»,- այսպես է կարծում «Չեթհեմ հաուսի» փորձագետը: Ըստ Ջեյմս Նիքսիի` հենց այս պատճառով էլ Ռուսաստանը ձգտում է ավելի սերտ հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ:
«Իսկ թե ի՞նչ է նշանակում սա Հայաստանի համար, արդեն լուրջ հարց է»,- հռետորական հարց հնչեցրեց Ջ.Նիքսին: Ուշագրավ է, որ Ջ. Նիքսին, ի հեճուկս հայ որոշ փորձագետների և ռուսաստանցի պաշտոնյաների պնդումներին, գտնում է, որ հարձակողական զինատեսակների վաճառքն Ադրբեջանին փոխում է ռազմական հավասարակշռությունը հակամարտության գոտում, սակայն դա կախված է վաճառված զինամթերքի մասշտաբներից, հզորությունից և որակից: Հիշեցնենք, որ Ռուսաստանի կողմից զենքի մատակարարման մասին տեղեկությունը հունիսի կեսերին տարածեցին ռուսական լրատվամիջոցները: Ըստ «Վեդոմոստի» թերթի` 2011-12 թթ. Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կնքված պայմանագրի համաձայն` Ռուսաստանն Ադրբեջանին տրամադրել է հարձակողական զինտեխնիկայի մի շարք նոր տեսակներ, մասնավորապես` T-90C տանկեր (94 միավոր), հետևակի մարտական մեքենաներ` БМП-3 (մոտ 100 միավոր), հրետանային համակարգեր «Мста-С»-ի (18 միավոր), «Սմերչ» ԲՄ-30 համազարկային հրթիռային համակարգեր (մեկ դիվիզիոն, 18 կայանք) և այլն:
«Կարծում եմ` Հայաստանը պետք է սա հաշվի առնի, և սա պետք է փոխի Հայաստանի ռազմավարական հաշվարկը»,- շեշտեց Ջեյմս Նիքսին:
Եվրոպական և Եվրասիական միությունների հակադրություններն ու համատեղելիությունը
Ջեյմս Նիքսին անդրադարձավ նաև մեկ այլ կարևոր հարցի` Հայաստանի միջազգային ինտեգրացիոն գործընթացներին: Այս տարվա նոյեմբերին Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում կկայանա Եվրոպական միության (ԵՄ) Արևելյան գործընկերության անդամ երկրների երրորդ գագաթաժողովը, որտեղ նախատեսվում է ԵՄ-ի հետ Հայաստանի Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը, ուստի հետաքրքիր է հասկանալ` ի՞նչ կտա ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծումը և վիզային ռեժիմի դյուրացումը Հայաստանին թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումներով: Ըստ Ջ. Նիքսիի` Ասոցացման համաձայնագրի ստորագրումը Հայաստանի և Արևելյան գործընկերության մեջ ընդգրկված մյուս հետխորհրդային երկրների համար կարևոր իրադարձություն է:
«Դա կարագացնի ԵՄ-ի հետ առևտրի տեմպերը, բեռնափոխադրումները և, իհարկե, կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը: Ուստի, սա ընդհանրապես շատ լավ բան է»,- նշեց նա: Սակայն, միաժամանակ, փորձագետը շեշտեց, որ նույն բեռնափոխադրումների ակտիվացումն ու առևտրի զարգացումն անմիջականորեն կապված է երկրի ժողովրդավարության զարգացման աստիճանի հետ, ուստի տնտեսական համագործակցությունը Եվրոպական միության հետ կարող է ընդլայնվել այն ժամանակ, երբ Հայաստանը ցույց տա քաղաքական կամք` քաղաքական դաշտում բարեփոխումներ իրականացնելու հարցում: «Իհարկե, սա անուղղակի հակադրության մեջ է մտնում Եվրասիական մաքսային միության հետ, և իրականում հնարավոր չէ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը և միանալ Եվրասիական մաքսային միությանը։ Ուստի սա մի ընտրություն է, որը Հայաստանը վերջիվերջո պետք է կատարի, Ռուսաստանն էլ կշարունակի իր հերթին ճնշումներ գործադրել»,- ասաց Ջեյմս Նիքսին: Նշենք, որ սրան հակառակ` ԵՄ-ի ընդլայնման և հարևանության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հունիսի 10-ին Երևանում` Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո, շատերի համար անսպասելիորեն հայտարարեց, որ Ասոցացման համաձայնագիրը չի սահմանափակելու Հայաստանի հնարավորությունները և պոտենցիալը` շարունակել իր հարաբերություններն իր ուղղակի և անուղղակի հարևանների, այդ թվում` Ռուսաստանի Դաշնության հետ:
«Մենք ուզում ենք լինել թափանցիկ և կանխատեսելի և՛ Ձեզ համար, և՛ ռուս գործընկերների: Մենք նրանց շատ հստակ ենք ասել, որ ուրախ ենք աշխատել մի կողմից` Եվրահանձնաժողովի, և մյուս կողմից՝ Եվրասիական հանձնաժողովի հետգ Մենք հստակ ասում ենք մեր բոլոր գործընկերներին, որ Ասոցացման համաձայնագիրը և Արևելյան գործընկերությունն առհասարակ որևէ կերպ չեն դնում քաղաքակրթական ընտրության հարց. դա անհեթեթություն է: Մենք երբևէ չենք ասել մեր գործընկերներին` դադարեցրեք այս կամ այն տիպի հաղորդակցությունները, հարաբերությունները կամ համագործակցությունը ռուս գործընկերների հետ, ճիշտ հակառակը: Մենք չենք ուզում, որ Ասոցացման համաձայնագիրը որևէ բացասական ազդեցություն ունենա Հայաստանի ավանդական կապերի և համագործակցության վրա, լինի դա Ռուսաստանի Դաշնությունը, թե այլ անմիջական կամ անուղղակի հարևան»,- հայտարարեց Շ. Ֆյուլեն:
Իսկ Ջեյմս Նիքսին իր հերթին՝ Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը համեմատեց Ուկրաինայի հետ, որը նույնպես ԵՄ Արևելյան գործընկերության անդամ պետություն է, սակայն, միաժամանակ, Եվրասիական տնտեսական միությունում (ԵվրԱզԷՍ) ստացել է դիտորդի կարգավիճակ: «Ես մեծ ուշադրությամբ եմ հետևում այն զարգացումներին, որոնք կապված են Ուկրաինայի հետ, որովհետև այդ երկիրն ունի պոտենցիալ` ձախողելու Պուտինի եվրասիական նախագիծը»,- ասաց անգլիացի փորձագետը: Նկատենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը միջազգային ատյաններից բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը ձգտում է իր արտաքին քաղաքականությունը կառուցել ոչ թե` «կամ-կամ»-ի, այսինքն` կա՛մ եվրոպական, կա՛մ եվրասիական ինտեգրացիա, այլ «և-և»-ի սկզբունքի հիման վրա: «Դա շատ հեշտ է ասել, բայց չափազանց դժվար է իրականացնել, և Ռուսաստանին հարակից բոլոր երկրներն ունեն այս խնդիրը»,- ասում է Ջեյմս Նիքսին: Օրինակ` Ղազախստանը, որը և՛ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ), և՛ Եվրասիական տնտեսական համագործակցության անդամ է, ըստ Ջեյմս Նիքսիի, կարողանում է հաջողությամբ համագործակցել և՛ Եվրոպական միության, և՛ Ռուսաստանի, և՛ Չինաստանի հետ, սակայն մյուս նախկին խորհրդային պետություններն ավելի պակաս հաջողությամբ են նույնն անում: Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, Ջեյմս Նիքսիի կարծիքով, Հայաստանին կհեռացնի Ռուսաստանից, ինչը վերջինս չի հանդուրժի և կշարունակի ճնշումներ գործադրել ինչպես` Հայաստանի, այնպես էլ՝ Ուկրաինայի և Վրաստանի վրա: Իսկ ինչպիսի՞ ճնշումներ կարող է գործադրել Ռուսաստանը Հայաստանի վրա: Այս հարցի վերաբերյալ Ջեյմս Նիքսին նշեց, որ Ռուսաստանի գործիքակազմը շատ մեծ է, և Ռուսաստանը կարող է օգտագործել թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական լծակները, որոնք ունի Հայաստանում: Ըստ փորձագետի` Ռուսաստանը կօգտագործի այդ լծակները` գործի դնելով «փափուկ ուժի» քաղաքականությունը, «ստիպողական դիվանագիտությունը», երկկողմանի պաշտոնական այցերը, ֆինանսական խրախուսումները, կաշառքը և այլն: «Ռուսաստանն ունի բազմաթիվ գործիքներ, որոնք կարող է օգտագործել Հայաստանում` իր ուզածին հասնելու համար»,- ասաց «Չեթհեմ հաուսի» Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարը: Իսկ մեր հարցին, թե ո՞րն էր Շտեֆան Ֆյուլեի այցի իրական պատճառը, Ջեյմս Նիքսին պատասխանեց այսպես. «Շտեֆան Ֆյուլեի Երևան այցելելու իրական պատճառն այն է, որ նախ` մինչ այդ նա չէր եղել Հայաստանում (նշենք, որ Շտեֆան Ֆյուլեն նախկինում այցելել է Հայաստան, մասնավորապես` 2010 և 2011 թվականներին.- Ա.Ս.), և այդ այցը կարևոր էր դիվանագիտական և քաղաքական տեսանկյունից: Այդուհանդերձ, պետք է մի անգամ ևս կրկնեմ. իմ խորին համոզմամբ` Եվրոպական միությունն ամենևին հետաքրքրված չէ այդ տարածաշրջանով: Ընդհանրապես Արևմուտքը չի մտահոգվում Հարավային Կովկասով, նա հետաքրքրված չէ ֆինանսական առումով, նա հետաքրքրված է միայն հռետորաբանության տեսանկյունից, այլապես իր վրա ավելի մեծ պարտավորություններ կվերցներ: Ուստի ես մեծ նշանակություն և արժեք չէի տա Շտեֆան Ֆյուլեի այցին»: