Առողջապահության նախարարության արձագանքը թերթի հրապարակմանը. փոքրիկի բուժումը կազմակերպվում է

«Ժամանակ» թերթի հուլիսի 5-ի համարում տպագրված «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցում երեխային պառկեցնելու համար բաժնի վարիչը 8000 դրամ է ուզել, բուժքրոջ համար էլ` 5000 դրամ» հրապարակման առթիվ տեղեկացնում ենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունն առաջին հերթին ձեռնամուխ է եղել գնահատելու 2,5 տարեկան Կարենի առողջական կարիքները և կազմակերպելու նրա բուժումը։ Այդ նպատակով նախարարություն է հրավիրվել փոքրիկի մայրը` Արարատի մարզի Հնաբերդ գյուղի բնակչուհի Նարինե Մովսիսյանը։ Նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել երեխային սպասարկող մանկաբույժի հետ։ Պարզվել է, որ մանկաբույժի կողմից երեխան ուղեգրվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն ավելի քան մեկ տարի առաջ` 2012 թվականի մայիսի 15-ին։

Նախարարությունը միաժամանակ հանձնարարել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրինությանն ուսումնասիրել հրապարակման մեջ բերված փաստերն ու հանգամանքները, ձեռնարկել համապատասխան միջոցներ նման դեպքերը բացառելու ուղղությամբ և արդյունքների մասին տեղեկացնել։

Նախարարության կողմից արդեն կազմակերպվել է երեխայի խորհրդատվությունը ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանակական նյարդաբանի մոտ, որի մասնագիտական եզրակացության արդյունքում կորոշվի, թե որտեղ և ինչ մասնագետների կողմից պետք է կազմակերպվի նրա հետագա անվճար բուժումը։

ՀՀ առողջապահության նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս