Սաուդյան Արաբիայում հայտնաբերվել է դեպի Իրան ու Իսրայել ուղղված հրթիռներով բազա. Jane’s
Jane’s Intelligence Review-ի փոխանցմամբ՝ արբանյակային լուսանկարները ցույց են տվել, որ Սաուդյան Արաբիայի ալ-Ուատահ շրջանի (Էր-Ռիյադից մոտ 200 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք) ռազմական օբյեկտում առկա են բալիստիկ հրթիռներ, որոնք ուղղված են դեպի Իրան ու Իսրայել:
Խոսքը գնում է «երկիր-երկիր» դասի հրթիռների մասին, որոնք գտնվում են ստորգետնյա խոր պահեստներում: Երկու հորերից մեկում գտնվող հրթիռներն ուղղված են դեպի Թել Ավիվ, իսկ մյուսինը՝ Թեհրանը:
The Telegraph թերթը գրել է, որ խոսքը գնում է չինական արտադրության DF-3 բալիստիկ հրթիռների մասին: Ըստ էության, լուսանկարներում պատկերված հրթիռները դրանց կատարելագործված տարբերակն են՝ DF-3A, որոնց հեռահարությունը կազմում է 2800-4000 կիլոմետր:
Ոչ պաշտոնական տվյալներով՝ նմանատիպ 60 հրթիռ՝ մինչև 2 տոննա ֆուգասային մարտական մասով Սաուդյան Արաբիա են հասցվել 26 տարի առաջ: Jane’s-ի գնահատմամբ՝ ալ-Ուատահի հրթիռային բազան կառուցվել է վերջին 5 տարվա ընթացքում:
Ռազմական փորձագետների կարծիքով՝ Սաուդյան Արաբիան ներկայումս արդիականացնում է իր հրթիռային զինանոցը, և որ DF-3A-ն պոտենցիալ առումով բավական լուրջ սպառնալիք է Իսրայելի ու Իրանի համար: Բացի այդ, տեսականորեն այդ հրթիռները կարող են կրել նաև միջուկային լիցք: