Բաշար Ասադի գահընկեցությունը կարող է աղետալի լինել Եվրոպայի համար. բրիտանական հետախուզություն
Ռուսական Коммерсантъ թերթի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի հետախուզությունը նախապատրաստել է զեկույց բրիտանական խորհրդարանի համար, որում զգուշացրել է, որ Սիրիայի ներկայիս կառավարության տապալման դեպքում նրա քիմիական զենքի ողջ պաշարները կարող են հայտնվել ահաբեկիչների ձեռքում:
Այդ դեպքում նրանց գլխավոր նպատակը կդառնա Մեծ Բրիտանիան ու Եվրոպան: Մեծ Բրիտանիայի հետախուզության ու անվտանգության գծով խորհրդարանական հանձնաժողովը չորեքշաբթի ներկայացրել է երկրի հետախուզական ծառայությունների տվյալների վրա հենված տարեկան հաշվետվություն:
Դրանում ընդգծվում է, որ երկրի համար սպառնալիքի գլխավոր աղբյուր է ծառայում Սիրիական հակամարտությունը, ուր ընդդիմության կողմից շարունակում են գործել արմատական իսլամիստները և «Ալ-Քաիդայի» անդամները:
Մեծ Բրիտանիայի երեք հետախուզական կազմակերպությունների ղեկավարները (MI5 հակահետախուզություն, MI6 հետախուզություն և էլեկտրոնային հետախուզություն՝ Կառավարական կապի կենտրոն) հանձնաժողովի անդամների հետ փակ հանդիպման ընթացքում հայտարարել են, որ շատ ջիհադականներ լքում են Մեծ Բրիտանիան՝ Սիրիայում ուսուցում անցնելու և վերադառնալուց հետո ողջ Եվրոպայում ահաբեկչական հարձակումներ ձեռնարկելու համար:
Նման դեպքում Մեծ Բրիտանիայի անվտանգության համար ամենասարսափելի հետևանքը հանդիսանում է քիմիական զենքը, որի պաշարները Բաշար Ասադի վարչակարգի տապալումից հետո կարող է հայտնվել ահաբեկիչների ձեռքում, ինչն աղետալի կդառնա Մեծ Բրիտանիայի համար: