Ինչո՞ւ մեղադրանք չի առաջադրվում Ավետիք Բուդաղյանին ծեծի ենթարկելու համար

Հուլիսի 9-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած կրակոցների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել սպա Արտակ Բուդաղյանին:

Նրան մասնավորապես մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրիք 137-րդ հոդվածի 1-ին մասով: «Ազատություն» ռ/կ փոխանցմամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել «այն բանի համար, որ նա իր եղբայր Ավետիք Բուդաղյանից տեղեկանալով, որ 2013-ի հունիսի 1-ին, ժամը 22-ի սահմաններում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում իրեն ծեծի են ենթարկել, նույն օրը ժամը 23-ի սահմաններում մեքենայով գնացել է Ս. Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր անվանմամբ հաշվառված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից` սպանության սպառնալիքներ է տվել Ս. Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին»:

Ուշագրավ է, սակայն, որ մեղադրանքում նշված է այն մասին, որ Ավետքի Բուդաղյանին ծեծի են ենթարկել, սակայն դրա համար առաջադրված մեղադրանք չկա:

ՀՀ պաշտպանության նախարարարության քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանից 168.am-ը հետաքրքրվեց՝ արդյոք որևէ մեկին մեղադրանք առաջադրվե՞լ է Ավետիք Բուդաղյանին ծեծի ենթարկելու համար: «Ինչ մեղադրանք առաջադրված է՝ դրա մասին դուք տեղյակ եք: Ավելացնելու ոչինչ չունեմ»,- մեզ հետ զրույցում ասաց Մերի Սարգսյանը:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ Տիգրան Խաչատրյանին և Զարզանդ Նիկողոսյանին հունիսի 3-ին առաջադրվել էր մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 112-րդ և235-րդ հոդվածնիերի 1-ին մասերով, համապատասխանաբարգ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության, դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու և ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար, իսկ Արտակ Դուդաղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցանք կատարելու համար (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը):

Մեր հարցին՝ ինչո՞ւ քրեական գործի շրջանակներում ծեծի ենթարկելու համար մեղադրանք չի առաջադրվել, Մերի Սարգսյանը պատասխանեց. «Այս պահի դրությամբ ոչինչ չունենք ավելացնելու: Գործով նախաքննությունը շարունակվում է»:

Նշենք, որ մեզ հետ զրույցում Բուդաղյանների ընտանիքի փաստաբան Հայկ Ալումյանը նշել էր, որ մեղադրանք չառաջադրելը հավանաբար պայմանավորված է քննության միակողմանիությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս