Բաժիններ՝

Կան մարդիկ, ովքեր նախընտրում են տանը նստել, արտերկրում ապրող բարեկամներին բողոքել, որ աշխատանք չկա

«Զբաղվածության պետական ծառայության» գործակալությունը, որը կարգավորում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, իր տարածքային կենտրոնն ունի նաև քաղաք Աբովյանում (սպասարկում է թվով 30 գյուղական համայնք և 2 քաղաք):

Դեռևս 1992 թվականիցից Աբովյան քաղաքում գործող այս կառույցն իրականացնում է  ծրագրեր (Աշխատանքի տոնավաճառ, մասնագիտական և ոչ մասնագիտական վերապատրաստում, պրակտիկայի ծրագիր նորավարտ մասնագետների համար, աշխատանք հաշմանդամների համար և գործազրկության նպաստ):
168.am-ի հետ զրույցում Աբովյանի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Հրայր Հակոբյանը նշեց, որ ակտիվ ծրագրեր են իրականացնում, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի, ով ցանկություն ունի աշխատելու, գտնի այն:
«Օրեր առաջ ամփոփում էինք 2013թ. առաջին կիսամյակը, ըստ որի՝ 584 հաշվառուներից 108-ին աշխատանքի են տեղավորել: 25 անձանց վերապատրաստման դասընթացների ենք ուղարկել, որից հետո նրանք ևս աշխատանք կունենան: Անցյալ տարվանից էլ սկսեցինք իրականացնել մի ծրագիր, ըստ որի՝ հաշմանդամները նույնպես կկարողանան աշխատել, արդեն նմանատիպ մեկ փորձ ունենք»,- նշեց մեր զրուցակիցը:
Ըստ Հ. Հակոբյանի՝ խնամի-ծանոթ-բարեկամ (ԽԾԲ) մոդելը վաղուց վերացել է, քանի որ մասնավոր սեկտորն է հիմնական գործատուն, իսկ ԽԾԲ-ից պատշաճ աշխատանք պահանջելը բարդ է:
«Հաճախ ենք հանդիպում նաև այնպիսի մարդկանց, ովքեր ցանկություն չունեն աշխատելու: Նախընտրում են տանը նստել, արտերկրում ապրող բարեկամներին բողոքել, որ աշխատանք չկա, և նրանց օգնությամբ գոյատևել: Օրինակ՝ մարդուն, ով ամբողջ օրը պարապ նստում է ու նարդի է խաղում, առաջարկում ենք կայուն աշխատանք՝ կայուն աշխատավարձով (ամենաքիչը՝ 80 հազար դրամ), հավատացեք, որ հրաժարվում են: Պատճառաբանում են, որ առավոտյան ժամը 9:00-18:00-ը ռեժիմով չեն ուզում աշխատել: Անշուշտ, մեծագույն խնդիրներից է համարվում  ցածր աշխատավարձն ու աշխատողի շահագործումը, բայց մենք աշխատանքներ ենք տանում, բանակցում ենք գործատուների հետ, որպեսզի երկու կողմերին էլ հարմար լինի»,- ասաց Հրայր Հակոբյանը:

 Անի Կարապետյան

Կոտայքի մարզ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս