Քաղաքացին ստիպված է բաց նամակով դիմել ՀՀ նախագահին
Մեծարգո պրն Սերժ Սարգսյան,
Նախագահական ընտրություններին ընտրել ենք Ձեզ և Ապահով Հայաստանը, սակայն ներքոշարադրյալ փաստերի առկայությամբ վերանում է ապահովության զգացումը: Բոլոր ժամանակներում ժողովուրդը հավատում (կամ գոնե ուզում է հավատալ), թե երկրի Նախագահը տեղյակ չէ անօրինականություններից ու, եթե տեղեկանա` ցանկացած հարց անպայման արդարացի լուծում կստանա: Արդ, ուրեմն ես էլ եմ ուզում հավատալ, որ Ձեր իմացությունը դրականորեն կփոխի իմ և իմ նմանների (գոնե 11 տուժող հայտնի է` ըստ նույն` Տիգրան Վրեժի Մարտիրոսյանի սցենարի) կյանքը, ու մենք մեզ իսկապես կզգանք օրենքով պաշտպանված ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ:
Խնդրում ենք Ձեր աջակցությունն ու միջամտությունը հաշմանդամ (Սեդա Վարդանյան) և բազմազավակ մորն (Անահիտ Կարապետյան) իր վերջին ու միակ հույսից` իր տանիքից, չզրկելու` և դատարանում արդարացված վաշխառուի ապօրինությունները կանխելու հարցում:
Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նաև դատարանում գրանցված մի քանի քրեական և քաղաքացիական գործեր, որոնց ընթացքը խիստ անարդար են գնահատում ինչպես` տուժող կողմի ներկայացուցիչները, այնպես էլ` նրանց պաշտպանող իրավաբանները և, որքան էլ զարմանալի հնչի, նույնիսկ մեղադրող կողմը` դատախազը (քրեական գործի մասով): Սակայն դատարանն արդարացնում է վաշխառության մեջ մեղադրվող Տիգրան Վրեժի Մարտիրոսյանին` բացահայտ անտեսելով մի շարք ապացույցներն ու վկաների ցուցմունքներ:
Չենք ուզում չարախոսել կամ անհիմն մեղադրանքներ հնչեցնել, բայց մեզ հասած տեղեկությունների համաձայն` հենց Վճռաբեկ դատարանից են հովանավորում և աջակցում մեղադրյալին` յուրաքանչուր անգամ ջրից չոր դուրս գալուն: Մեր պարագայում ևս նույնը կրկնվեց` անսպասելիորեն պարտվեցինք քր.գործի ԵԿԴ/0067/01/13 մասով: Առջևում Վերաքննիչ դատարանի փուլն է: Մեր կամքն անկոտրում է` խաբեբայից պաշտպանելու մեր բնակարանները: Նշենք, որ Տիգրան Մարտիրոսյանն անգամ դատարանում չի թաքցնում իր քամահրանքն օրենքի նկատմամբ` ասելով. «շատ-շատ մի երկու կոպեկ տուգանք տանք, պրծնենք»:
Հարգարժան պարոն Նախագահ, հասկանում եմ, որ վաշխառությունն ապացուցելը հեշտ գործ չէ, սակայն պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ մեր գործով մեղադրվող անձի` Տիգրան Վրեժի Մարտիրոսյանի, նկատմամբ 11 (տասնմեկ) դատական վարույթ կա միայն www.datalex.am կայքում, ևս 2 վարույթ ընթացքի մեջ է քրեական գործով: Աստված գիտե, թե քանիսն էլ դեռ կավելանա, եթե մեզ զրկեք վերջին հույսից` Ձեր միջնորդությունից` գործի ընթացքին օրինական լուծում տալու և հետևողական լինելու հարցում:
Մեծարգո Նախագահ, վստահեցնում եմ, որ Ձեր աջակցությամբ տասնյակ ընտանիքների կյանքի լավագույն նվերը կանեք` խաբեբայից պաշտպանելով նրանց բնակարանները:
Նամակս չծանրաբեռնելու նպատակով, գործին վերաբերող բազմաթիվ ապացույցները կներկայացնեմ ցպահանջ, իսկ այժմ հակիրճ ներկայացնենք իրավիճակը:
Տիգրան Վրեժի Մարտիրոսյանը 2009 թվականից խաբեությամբ տարբեր հուսահատ մարդկանց բարձր դրույքաչափով (տարեկան 60%` ամսական 5%) գումար է տրամադրել: Ցանկանում ենք տեղեկացնել, որ Տ.Վ.Մարտիրոսյանը, օգտագործելով «Շանթ» հեռուստաընկերության վազող տողի տված հնարավորությունը, միամիտ մարդկանց մոտ պատրանք է ստեղծել, թե իրենք գործ ունեն պետական կառույցի ներկայացուցչի հետ, և վստահել են նրան: Միայն հետագայում է պարզվել, որ Տիգրան Վրեժի Մարտիրոսյանն ուղղակի վաշխառությամբ է զբաղվել` խաբելով ու ստրկացնելով մարդկանց: Նա տասնյակ մարդկանց հետ նոտարական վավերացմամբ կնքել է գրավի հիպոթեքի շաբլոնային պայմանագիր: Բոլոր դեպքերում պայմանագրում նշված գումարը գրեթե կիսով չափ ավելին է եղել նրա տրամադրածից:
Մարդիկ, առանց որևէ անդորրագրի (նա խիստ վիրավորվել է ամեն անգամ, երբ նրան խնդրել են անդորրագիր ստորագրել վճարված գումարի դիմաց), նրան վճարել են ամսական 5 տոկոս` վերցրած գումարի: Նշենք նաև, որ նա խաբեությամբ պայմանագիրը կնքել է միայն մի քանի ամսով, համոզելով, որ դա որևէ կապ չունի, և կարևորն այն է, որ բանավոր պայմանավորվածությամբ որոշվել է գումարը մարելու իրական ժամկետը: Իսկ երբ անցել է 3 տարի, նա դիմել է դատարան` պահանջելով վերադարձնել գումարը` մեծ չափերի հասնող տոկոսներով: Սա իրականության թռուցիկ նկարագրությունն է «անհաղթ» Տիգրան Մարտիրոսյանի ոդիսականից:
Ներկայացնում ենք նաև «Դատալեքս» պաշտոնական կայքում նույն` Տիգրան Մարտիրոսյանի և նրա զոհերի դատական գործերի տվյալները.
Դատական Գործ N: ԵԿԴ/1411/02/12 Դատավոր` Գայանե Թաթուլի Կարախանյան
Դատական Գործ N: ԵՇԴ/0620/02/12 Դատավոր` Նաիրա Գևորգի Հովսեփյան
Դատական Գործ N: ԵՇԴ/0619/02/12 Դատավոր` Նաիրա Գևորգի Հովսեփյան
Դատական Գործ N: ԵԱԴԴ/0632/02/12 Դատավոր` Մարգարիտա Հարթենյան
Դատական Գործ N: ԿԴ1/0316/02/12 Դատավոր` Սլավիկ Անդիջանի Թորոսյան
Դատական Գործ N: ԵԿԴ/1411/02/12 Դատավոր` Գայանե Թաթուլի Կարախանյան
Դատական Գործ N: ԵԷԴ/0297/02/12 Դատավոր` Գայանե Խաչատրյան
Դատական Գործ N: ԵԿԴ/0562/02/12 Դատավոր` Ռուբեն Ռաֆիկի Ներսիսյան
Դատական Գործ N: ԵԱՔԴ/0320/02/12 Դատավոր` Սարիբեկ Վարդևանի Արամյան
Դատական Գործ N: ԵԿԴ/0862/02/11 Դատավոր` Էդիկ Վարազդատի Ավետիսյան
Դատական Գործ N: ԵԱԴԴ/0296/02/11 Դատավոր` Մարգարիտա Հարթենյան
Օրինականության վերականգնման ակնկալիքով և մեծագույն ՀԱՐԳԱՆՔՈՎ` առ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ
ՏՈՒԺՈՂ` ՍԵԴԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՑ
11.07. 2013թ.