«Եթե Հայաստանը պատրաստվում է հաջորդ, ապա Ադրբեջանը պատրաստվում է վերջին պատերազմին»

Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագիրը, որը պատրաստվում է ստորագրել Հայաստանի Հանրապետությունը, իր մեջ չի պարունակում անվտանգության և ռազմական բաղադրիչ այն պայմաններում, երբ Հայաստանի հարևան Ադրբեջանի հանրապետությունը բացահայտորեն հայտարարում է, որ պատրաստվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ պատերազմի և շարունակում է սպառազինվել, չնայած այն հանգամանքին, որ նման դեպքերում միջազգային հանրությունն ունի մեխանիզմներ, օրինակ` էմբարգո, պատերազմը կանխելու համար:

Եթե Ռուսաստանը շարունակի զենք վաճառել Ադրբեջանին, արդյոք Հայաստանը մնալո՞ւ է նույն վիճակում և չի՞ ունենալու անվտանգության այլընտրանք: Այսօր «Երևան» հյուրանոցում կազմակերպված քննարկման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանի այս հարցադրմանը Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության ղեկավար Մայքլ Քեմբեքը պատասխանեց, որ լիովին համամիտ է, որ այս հարցը չափազանց կարևոր է:

«Օրինակ` կան ՄԱԿ-ի պարտավորություններ, որոնց համաձայն պետություններն իրավունք չունեն զենք վաճառել հակամարտության գոտում գտնվող երկրներին… Արդյոք որևէ մեկին հետաքրքրո՞ւմ են այս պարտավորությունները, ո´չ, դուք միանգամայն իրավացի եք, սա կոպտագույն խախտում է»,- ասաց Մայքլ Քեմբեքը` բերելով Կոսովոյի հակամարտության օրինակը, երբ 2011 թվականին, ըստ Մ. Քեմբեքի, Բոսնիա և Հերցեգովինա տեղափոխվեց հրթիռային համակարգերի մեծ բեռ, և Եվրամիության ղեկավարությունը, տեղյակ լինելով գործարքի մասին, աչք փակեց այդ փաստի վրա:

«Սա ցույց է տալիս, որ այս համակարգն ունի հիմարության տարր և թույլ կողմեր, բայց միևնույն ժամանակ դա չի խանգարում Եվրոպային մտահոգվել Աֆղանստանով և Հյուսիսային Աֆրիկայով, որի պատճառով նրանք իրենց տեսադաշտից կորցնում են մյուս տարածաշրջանները»,- նշեց Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության ղեկավարը:

Կարդացեք նաև

Նշենք, որ քննարկման առիթը «Եվրոպայի հաջորդ խուսափելի պատերազմը՝ Լեռնային Ղարաբաղ» գրքի շնորհանդեսն էր, այն խմբագրվել է հենց Մայքլ Քեմբեքի կողմից:

Մ. Քեմբեքը նշեց, որ նման դեպքերում պետք է լինեն քաղաքական որոշումներ, որոնք կկանխեն հակամարտության մեջ գտնվող երկրների սպառազինումը, ինչը, իր խոսքերով, կներառի նաև Հայաստանը:

«Բայց վստահ եղեք, որ դա չի կարող ետ պահել Ադրբեջանին զինամթերքի ձեռքբերումից»,- նշեց նա:

Իսկ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը, ով նույնպես մանակցում էր քննարկմանը, իր հերթին նշեց, որ հնչած առաջարկն իսկապես բացակայում է, և Հայաստանը պետք է ավելի ռազմավարական քաղաքականություն վարի:

«Լավ նորությունն այն է, որ եթե Հայաստանը պատրաստվում է հաջորդ, ապա Ադրբեջանը պատրաստվում է վերջին պատերազմին, սակայն նա հաստատ պարտվելու է»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը: Որպես համեմատություն` տարածաշրջանային փորձագետը հիշեցրեց Իսրայելի օրինակը, իսկ վերջինս շրջապատված է ավելի մեծ և ավել հզոր թշնամական երկրներով:

«Իմ կարծիքով` ամենաճնշող խնդիրը Հայաստանի ազգային անվտանգության հարցն է, և մենք պետք է ունենանք ազգային անվտանգության խորհուրդ, որտեղ հավաքված կլինեն լուրջ պրոֆեսիոնալներ, և այդ խորհուրդը կսահմանի գերակայություններ Հայաստանի համար, օրինակ` միջուկային պատահարների կամ երկրաշարժերի վերաբերյալ Հայաստանը պետք է ունենա հստակ գերակայություներ, որոնք պետք է ներկայացվեն կառավարությանը»,- ավելացրեց Ռ. Կիրակոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս