Ընդդիմությունը շարունակում է խուսափել Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքից
ՀՅԴ-ն դեռ չի քննարկել թիվ 38 ընտրատարածքում մեծամասնական կարգով ԱԺ պատգամավորության թեկնածու առաջադրելու հարցը: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են կուսակցության գրասենյակից՝ միաժամանակ հավելելով, որ երբ ժամանակը գա, ըստ նախատեսված կարգի, հարցը կքննարկվի և որոշում կկայացվի: Հարցի շուրջ դեռևս որոշում չեն կայացրել նաև «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը: Թիվ 38 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրված Վահե Հակբյանի՝ Սյունիքի մարզպետ նշանակվելուց հետո նրա տեղը ԱԺ-ում թափուր է մնում, և այդ ընտրատարածքում նոր ընտրություններ պետք է անցկացվեն: Նշենք, որ Վահե Հակոբյանն այս ընտրատարածքից ընտրվել է 3 անգամ անընդմեջ՝ 2004-ին, 2007-ին և 2012-ին: Ի դեպ, վերջին՝ անցյալ տարվա մայիսի 12-ի ընտրություններում, նրա հետ քաղաքական ուժերից մրցակցել է միայն ՀՅԴ-ն՝ առաջադրելով իր կուսակից Գագիկ Գևորգյանի թեկնածությունը: ՀԱԿ-ը սատարում էր ինքնաառաջադրված մյուս 2 անկուսակցական թեկնածուներից մեկին՝ Դավիթ Մաթևոսյանին: