Բաժիններ՝

Հայաստանից Վրաստան ծխախոտի մաքսանենգության ռիսկը մեծանում է. JTI

Ծխախոտային արտադրանքի ակցիզային հարկի շեշտակի բարձրացումը Վրաստանում մեծացնում է մաքսանենգ արտադրանքի ներմուծման ռիսկը։ Ռիսկը մեծանում է հատկապես այն պարագայում, որ հարևան Հայաստանում ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացում չի նախատեսվում։ Արդյունքում՝ Հայաստանում և Վրաստանում ծխախոտային արտադրանքի գների տարբերությունը էլ ավելի կմեծանա։ Ինչպես գրում է Bizzone.info-ն, նման հայտարարություն է արել Japan Tobacco International (JTI)-Կովկաս ընկերության կորպորատիվ հարցերի և հաղորդակցության գծով տնօրեն Նիկոլոզ Մչեդլիշվիլին։

Նա նշել է, որ ծխախոտի վերահսկողության միջոցառումներ մշակելիս անհրաժեշտ է ապահովել ակցիզային հարկի դրույքաչափի համընկնումը հարևան երկրների հետ, որպեսզի չառաջանա մաքսանենգության ռիսկ։

«Այսօր Հայաստանում ծխախոտի գինն ավելի ցածր է, քան Վրաստանում։ Օրինակ՝ 1 տուփ Winston-ը Հայաստանում արժե 90 ամերիկյան սենթ, իսկ Վրաստանում՝ 1.2 դոլար։ Ակցիզային հարկի 25%-անոց բարձրացումից հետո այդ տարբերությունն ավելի կմեծանա։ Իսկ դրա արդյունքում մեծանում է վտանգը, որ Հայաստանից Վրաստան մաքսանենգ ճանապարհով ծխախոտ կներկրվի, ինչը կնվազեցնի բյուջեի եկամուտները»,- ասել է Մչեդլիշվիլին՝ կարծիք հայտնելով, որ ակցիզային հարկի դրույքաչափը պետք է աստիճանաբար բարձրացնել։

Վրաստանի իշխանությունների որոշմամբ՝ ակցիզային հարկը 25%-ով կբարձրանա այս տարվա սեպտեմբերի 1-ից։

Նշենք, որ Վրաստանը JTI-ի արտադրանքը ստանում է Կրեմենչուգում գտնվող գործարանից։ Այստեղ արտադրվում և Վրաստան է մատակարարվում  Winston, Mevius (Mild Seven), Camel, Sobranie, Glamour և LD տեսակի սիգարետներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս