Հովիկ Աբրահամյանը ստացավ առաջին հարվածը
Այսօր Հատուկ քննչական ծառայությունը հայտնել է, որ առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների յուրացում կատարելու կասկածանքով ձերբակալվել է Արարատի մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության նախկին պետ Տիգրան Վիրաբյանը: Ըստ ՀՔԾ մամլո ծառայության հաղորդագրության՝ նա ձերբակալվել է Հայաստանի կառավարության որոշումներով հաստատված «ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության» 2012-2013թթ. ծրագրերի իրականացման գործընթացում պաշտոնական դիրքն օգտագործելով և մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների յուրացում կատարելու կասկածանքով, նախատեսված` ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Հիշեցնենք, որ Տիգրան Վիրաբյանի անունը շրջանառության մեջ հայտնվեց, երբ Վերահսկիչ պալատի հաշվետվության խորհրդարանական քննարկումներից ու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հայտնի «պահվածքից» հետո Ֆինանսների նախարարության Վերահսկողական տեսչությունը հրապարակեց 4 մարզերում, այդ թվում՝ Արարատի մարզում գյուղացիական տնտեսություններին պետական աջակցությամբ տրամադրվող դիզելային վառելիքի հատկացման հետ կապված ուսումնասիրությունների արդյունքները, որոնցից պարզ դարձավ, որ Աբրահամյանները 48 հազար լիտր դիզելային վառելիք են ստացել՝ անապահով գյուղացիների համար նախատեսված գներով:
Սա, քաղաքական շրջանակներում տարածված կարծիքի համաձայն, վարչապետ Տիգրան Սարգսյանի պատասխանն էր Հովիկ Աբրահամյանին: Բայց դրան հետևեց հունիսի 29-ին Սերժ Սարգսյանի մոտ հրավիրված հայտնի քննարկումը և ՀՀԿ գործկոմի նիստը: Սպասվում էր, որ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից հետո հաջորդ «թիրախը» լինելու էր հենց Հովիկ Աբրահամյանը, սակայն ՀՀԿ ԳՄ նիստից հետո վերջինս կարծես բավարարված էր. Նա հայտարարեց, որ Ս. Սարգսյանն իրեն ոչ մի թթու խոսք չի ասել: Դրանից հետո ոմանք սկսեցին մտածել, թե ներիշխանական հակասությունների այս փուլը գոնե առժամանակ կասեցվել է:
Սակայն Տիգրան Վիրաբյանի ձերբակալությունը փոխում է պատկերը: Բանն այն է, որ Արարատի մարզպետարանի նախկին պաշտոնյայի ձերբակալությունն ուղիղ հարված է Հովիկ Աբրահամյանին: Հայտնի է, որ վերջինիս ընտանիքը գրեթե ֆեոդալական կարգավիճակ ունի Արարատի մարզում, ի թիվս բազմաթիվ օբյեկտների, տնօրինում է գյուղատնտեսական նշանակության հողերի, ընդհանրապես մարզի գյուղատնտեսության մեծ մասը:
Հասկանալի է, որ այդ մարզում գյուղատնտեսությունը, մասնավորապես՝ այդ ոլորտին ուղղվող պետական գումարները տնօրինող պաշտոնյան չէր կարող որևէ քայլ անել առանց մարզի՝ դե ֆակտո տնօրինողների իմացության: Ի դեպ, Ֆինանսների նախարարության կողմից ուսումնասիրությունների հրապարակման առաջին օրերին Տ. Վիրաբյանը նեղ շրջապատում ասել էր, որ, եթե իրեն ձերբակալեն, ինքն անուններ է տալու: Բնականաբար, խոսքն առաջին հերթին Աբրահամյան ազգանուն ունեցող անունների մասին է եղել:
Պարզ է, որ այդկերպ մարզպետարանի նախկին պաշտոնյան փորձել է սթափեցնել նաև Հովիկ Աբրահամյանին, որպեսզի վերջինս իր լծակներով կանխի նրա ձերբակալությունը: Պարզ է նաև, որ Հովիկ Աբրահամյանն այս խառը ժամանակներում ամեն ինչ արած կլինի այդ ձերբակալությունը կանխելու համար: Փաստորեն, չի ստացվել: Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում Աբրահամյանների անունը կարող է կապվել նոր չարաշահումների հետ: Ըստ ամենայնի, Տիգրան Սարգսյանը շատ ծանր է տարել օֆշորային սկանդալը և ցանկանում է համարժեք պատասխան տալ «օֆշորի թեման տաք պահողներին»: Իսկ դա նշանակում է, որ դիմակայությունը ՀՀԿ-ում ու իշխանության մեջ շարունակվում է: