Տուժողի պապը՝ Գյումրիի կրակոցների մասին. «Գոռում էին, ճչում, կանայք լացում, սարսափելի վիճակ էր» (տեսանյութ)
Ինչպես հայտնի է՝ անցած գիշեր Գյումրիում դարձյալ հնչել են կրակոցներ, տեղի է ունեցել վիճաբանություն եւ դանակահարություն, ինչից տուժել է Գյումրիի բնակիչ, 34-ամյա Արթուր Գեւորգյանը, ով վիրահատվել է եւ գտնվում է Գյումրիի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում՝ կայուն ծանր վիճակում:
Դեպքը տեղի է ունցել Գյումրու Կամո փողոցում՝ 51 տան դիմաց, որտեղ բնակվում է ոսկերիչ Աղվան Գեւորգյանի բազմանդամ ընտանիքը:
ԳԱԼԱ-ի թղթակիցը զրուցել է տան ավագի՝ 85-ամյա Սերյոժա Գեւորգայնի հետ, ով ոսկերիչ Աղվանի հայրն է եւ տուժած 34-ամյա Արթուրի պապը:
Սերյոժա Գեւորգյանը պատմել է` երեկ ժամը 22:30-ին իրենց տան վրա հարձակում է տեղի ունեցել շուրջ 30 հոգու կողմից: Զենքով եկել են տան վրա եւ իր թոռանը դանակահարել են, իսկ որդին օրինական զենքով երկու անգամ օդ է կրակել, որ «տան վրա եկածները» սթափվեն եւ հեռանան:
Նշենք, որ ոսկերիչ Աղվանի տան դիմաց հսկողություն էին իրականացնում ոստիկանները, եւ մեզ տեսնելուն պես նրանք հեռացան: Իսկ 85-ամյա պապը պատմել է. «Իմ թոռներն ու տղան պաշտպանվող են եղել, հարձակվող՝ մոտ 30 հոգանոց խուժան կամանդ, հիմա թոռս հիվանդանոցում «ապերացու» տակ է: Ես չգիտեմ՝ ովքեր էին եղել»:
Սերյոժա Գեւորգյանն ասաց, թե ինքը տեղյակ չէ՝ ինչի համար է վիճաբանություն ծագել եւ ինչ են պահանջել իր որդուց ու թոռներից:
«Կրակողը եղել է իմ տղաս, եթե չկրակեր, հիմա տղաս էլ, թոռներս էլ չկային: Իմ տղան է կրակել, իհարկե օրենքով, փաստաթղթով զենքով, որ իրա զենքն էր եւ իրավունք ունի կրելու եւ օդ է միայն կրակել: Եկել էին դուրս էին կանչում մենակ՝ դուրս եկեք, դուրս արեք, ես մինչեւ ելա դուրս, արդեն կաշա էր:
Սթրեսի տակ կարո՞ղ եմ բոլորը հիշեմ, իրենք էլ էին կրակում, բայց ավելի ներքեւում: Սարսափելի բան էր, իրար կսպանեին, իրար կխփեին, կգյուլլեին: Չգիտեմ՝ ինչ էին ուզում: 5-7 րոպե էդ վիճակն էր մինչեւ կրակոցը, կրակոցից հետո այս փողոցով փախչում էին եսիմ քանի հոգի: Դիմեցինք ոստիկանություն, անմիջապես եկան ոստիկանները, բայց արդեն չկային: Հիմա որդուս կանչել են քննության, իրա զենքով, մեքենայով գնացել է, ասել է` ահա իմ զենքը փաստաթղթերով:
Կգոռային, կճվային, կանայք կղժժային: Սաղ հարեւանները գիտեն, հարցրեք կպատմեն»,-պատմեց Սերյոժա Գեւորգյանը:
Կարդացեք այստեղ.