Եթե տրանսպորտային ընկերությունները դիմում չներկայացնեն՝ երբեք թանկացում չի լինի

Տրանսպորտի գնի թանկացումն անխուսափելի է: Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բերգլարյանը: 168.am-ը հետաքրքրվեց, թե մինիմալ թանկացումը, որի մասին խոսվում է, որքա՞ն կարող է կազմել: Ի պատասխան նախարարը նշեց. «Հանձնաժողովն իր աշխատանքները դեռ չի վերջացրել` երեկ ուսումնասիրեցի: Հավատացեք, որ փորձում ենք հասցնել այնքան մինիմալի, որ հայտարարությունները, թե երթուղայինի գինը 4 անգամ է թանկացվելու, թե 67 կազմակերպություն ուզում են դուրս գալ փողոց, հանրային շահ անվան տակ սեփական շահերն են ուզում պաշտպանել: Կրկնում եմ` մենք ամեն ինչ կանենք, որ մինիմալ թանկացում լինի»:

Նրա խոսքով, կլինեն երթուղու հատվածներ, որտեղ տրանսպորտը չի թանկանա ընդհանրապես. «Մեզ մոտ 100-200 դրամից մինչև 5000 դրամ ուղեվարձ կա, եթե կոնկրետ տոկոսով թանկացնենք, ոնց որ հանրային շահի պաշտպաններն են խոսում, տեղեր կան, որ կլինի չնչին, տեղեր կան, որ կլինի 20-30 դրամ»:

Նախարարի հավաստմամբ` իրենք թանկացման վերջին գինը կարձանագրեն` հաշվի առնելով երթուղիների հեռավարությունը, բայց խոստացավ, որ թեկուզ 1 դրամ թանկացման դեպքում, դա լինելու է մինիմալ թանկացում:

168.am-ը հետաքրքրվեց նաև, թե որքա՞ն ժամանակ դեռ կտևի ուսումնասիրությունը, ե՞րբ կարող է հանրությունն իմանալ գնի բարձրացման վերջնական ցուցանիշը: «Ես չէի ուզում ասեի` բայց ստիպեցիք: Հիմա հրատարակելու եք ու մեզ մոտ լինելու են դիմումներ: Շատ եք ուզում ասեմ` եթե մեզ դիմում չներկայացնեն (տրանսպորտային ընկերությունները:- Տ.Մ.)` երբեք թանկացում չի լինի: Իսկ եթե թանկացում չլինի, դա կլինի հօգուտ ժողովրդի: Հասցրեցիք նրան, որ հայտարարեցի` վաղվանից մեզ մոտ լիքը դիմումներ կլինեն: Մինչ հիմա դիմումներ մենք չունենք»:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է նրան, որ տրանսպորտի թանկացումը կարող է սոցիալական բողոքի պատճառ դառնալ, նախարարը չհաձայնեց. «Ձեր հարցը համարում եմ պրովոկացիոն: Թանկացում արդեն տրանսպորտի եղել է»:

Անդրադառնալով երեկվա իր հայտարարությանը, թե տրանսպորտի գինը կթանկանա հօգուտ ժողովրդի, լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք այս հայտարարությունը լեզվի սայթաքո՞ւմ էր, Գագիկ Բեգլարյանն ասաց. «Հասկացողին մեկն ասա` անհասկացողին հարյուր ու մեկ ասա: Երեկվա բառերս կարող եմ կրկնել: Երբ լրագրողն ինձ հարցրեց, որ Հանրային խորհրդում տրանսպորտի պատասխանատուն հայտարարել է հեռուստատեսությամբ, որ գինը պետք է թանկանա 4 անգամ,  ես հայտարարեցի, որ դա հօգուտ ժողզովրդի չէ, պետք է երկար աշխատենք, թանկացնենք մինիմալ չափով, որ այդ թանկացումը լինի հօգուտ ժողովրդի: Որովհետև թանկացումն անխուսափելի է, բոլորս գիտենք արդեն մի քանի ամիս: Իմ լեզուն շատ քիչ է սայթաքում` կարող եմ նորից կրկնել: Երկար նախադասությունների մեջ երկար բառերը կարող է մեկ-մեկ սայթաքեն, բայց մտքի սայթաքում ես երբեք չեմ ունենում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս