Բաժիններ՝

Սավանով կախված վիճակում հայտնաբերված զինծառայողը հոգեկան խնդիր չի ունեցել. շաղատցիները ինքնասպանությունը բացառում են

Սյունիքի մարզի Շաղատ գյուղում երեկ տեղի է ունեցել 19-ամյա զինծառայող Գաբրիել Լալազարյանի հուղարկավորության արարողությունը: Ըստ պաշտոնական վարկածի՝ հուլիսի 5-ին, ժամը 22:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում գտնվող հեռախոսային ալեհավաքի աշտարակից սավանով կախված վիճակում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Գաբրիել Աբրիկի Լալազարյանի դին:

Շաղատի գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար Հովհաննես Արզումանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմել է որոշ մանրամասներ: Նա նշել է, որ Գաբրիելը իրենց աչքի առաջ մեծացած երեխա էր, որևէ հոգեկան խնդիր չի ունեցել, ինչպես փորձում են տարածել: Նա շատ հավասարակշռված, խելոք անձնավորություն էր. «Նույնիսկ շատ խելացի էր, այսօր այդքան խելացի չպետք է լինել»,- ասել է նա:

Հ. Արզումանյանը պնդել է, որ սավանով կախվելու տարբերակ չի կարող լինել, քանի որ Գաբրիելի մարմինը նայել են, կախվելու որևէ հետք չի եղել, փոխարենը կրծքավանդակի շրջանում կապտուկներ են եղել, ծնոտից ներքև պարանոցի մոտ ճոպանը կարծես ձգած լինեն: «Իմ անձնական կարծիքն է՝ ինչպե՞ս պետք է սավանով ինքն իրեն կախի, սավանով եթե փաթաթեն մի տասը սմ տրամագծով, այսինքն՝ մի չորս դյույմի հաստություն է դառնում, ինչպե՞ս է սա հնարավոր»,- ասաց Հովհաննես Արզումանյանը:

Կրծքավանդակի շրջանում առկա կապտուկներն էլ մեկնաբանել են, թե իբր արհեստական շնչառություն են փորձել տալ, դրա համար են կապտուկներ առաջացել. «Ես բժիշկ չեմ, բայց բոլորս գիտենք ինչպես են արհեստական շնչառություն տալիս, բոլորն են տեսել կապտուկները»,- հավելել է նա:

Գյուղում որևէ մեկը չի հավատում ինքնասպանության վարկածին, ավելին՝ գյուղի բոլոր բնակիչները պատրաստակամ են ոտքի կանգնելու, վերջ տալու բանակում անօրինականություններին. «Ինչպես ասում են՝ վերջին մատաղը լինի, վերջ բանակում անօրինականություններին»,- ասաց Հ. Արզումանյանը: Նա նշեց, որ գյուղում վաղը նորից զինվոր են ճանապարհելու բանակ. «Բանակ պետք է ուրախ ճանապարհես, ուրախ ընդունես, մեղք են մեր ծնողները»:

Կարդացեք այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս